ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները:
BBC-ն տեղեկացնում է, որ Թրամփի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ն արդյունավետ չի գործել:
«Իրականությունը հետևյալն է. ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել, ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ այնպես, որ միջազգային առողջապահական սպառնալիքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին»,- նշել է նա: Թրամփը գտնում է, որ ԱՀԿ-ն իր պարտավորությունները չի կատարել և պետք է պատասխանատվություն կրի:
ԱՄՆ նախագահը դադարեցնում է ֆինանսավորումը, քանի դեռ չի պարզվել, թե որն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք բերեցին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից դուրս:
ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշոր աղբյուրն է: Միայն նախորդ տարի ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար՝ կամ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի, ինչպես նաև ցանկացած հումանիտար կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ժամանակը չէ:
«Հիմա վարակի տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու համար միասնականության և միջազգային հանրության համատեղ աշխատանքի ժամանակն է»,- ասել է Գուտերեշը: