Հայաստանում պլանավորովում է անցկացնել հետազոտություն, որը ցույց կտա քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը և, հետևաբար, որոշակի պատկերացում կտա երկրում COVID-19-ի տարածման աստիճանի վերաբերյալ։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հասարակական առողջապահության ֆակուլտետի մասնագետների հետ համատեղ այժմ աշխատանքներ են տարվում հետազոտության դիզայնի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է որոշել Հայաստանում վիրուսի տարածման աստիճանները և մարդկանց մոտ իմունիտետի առկայությունը՝ իմունոգլոբուլինների անալիզների միջոցով։ Դրանք հատուկ հակամարմիններ են, որոնք արյան մեջ ձևավորվում են ի պատասխան կորոնավիրուսով վարակման։ Այդպիսի հետազոտության անցկացման համար, նախարարի խոսքերով, կպահանջվի ըստ սեռի, տարիքի և աշխարհագրական դիրքի մարդկանց ճիշտ ընտրություն։
«Կարող եմ ասել, որ ներկայում այդպիսի թեսթեր Հայաստանում չկան։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ դրանք արտադրվում են, խոսքը իմունոգլոբուլինների (կորոնավիրուսի հանդեպ) որոշման թեսթերի մասին է։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում մեր մատակարարների հետ, որպեսզի ներկրենք այդպիսի թեսթեր այդ հետազոտության անցկացման համար»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ բացառված չէ, որ հետազոտությունից հետո հակամարմինների որոշման թեսթերը կիրառվեն նաև պրակտիկ բժշկության մեջ, այլ ոչ միայն հետազոտական նպատակներով։
Նախարարը հավելեց, որ էլի շատ բան է հայտնի կորոնավիրուսային վարակի մասին, այդ թվում և այն, թե հայտնվում է արդյոք դրա հանդեպ կայուն իմունիտետ վարակվելուց և ապաքինվելուց հետո։ Վերջիվերջո, եղել են գիտական հրապարակումներ, որոնց համաձայն, որոշ առողջացած մարդկանց մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել։