Մեկ մարդու գործողությունների պատճառով է որոշվել փակել Նորաշեն գյուղը. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Մեկ մարդու գործողությունների պատճառով է որոշվել փակել Նորաշեն գյուղը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և Արարատի մարզի Նորաշեն համայնքի մեկուսացման պատճառին: Վարչապետը նախ նշեց, որ Հայաստանում 16 թեստից ընդամենը կորոնավիրուսի 1 դրական դեպք է արձանագրվում, ինչը բավական լավ ցուցանիշ է:

«Կրկին ուզում եմ ընդգծել հետևյալը՝ ընդհանուր առմամբ համաճարակի մեր կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող է ունենանք համաճարակի նոր բռնկում: Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որը տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում:

Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել: Իհարկե, ոստիկանի ու մասնագետի ուղեկցությամբ է նաև գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ շատ հուզիչ պահ է եղել, և նրանք, ի հեճուկս խնդրանքների ու հորդորներին, չեն պահել պայմանները: Եվ հարազատների հետ գրկախառնվել են, երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այսինքն՝ հաստատվել է կորոնավիրուսի դեպք: Եվ սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման դեպքերի պատճառով հարազատների միջև հարաբերություններ են քանդվում նաև: «Այսօր հայտնի դեպքեր կան, որ ընտանեկան ու ազգակցական հարաբերություններ ուղղակի փլուզվում են՝ մարդկանց պահվածքի հետևանքով: Այսինքն՝ պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Այսօր մեր մահվան միջին տարիքը 74.6 է: Պետք է հասկանանք, որ մեր գործողությունների պատճառով կարող են մահանալ մեր մերձավորներն ու հարազատները՝ ավագ տարիքի: Այսինքն՝ նաև բարոյական հետևանքների մասին է պետք մտածել: Մեր ռազմավարությունն այն է, որ մենք այս վիրուսին զուգահեռ պետք է ապրենք, բայց որպեսզի մենք դրա արդյունքում աղետներ չբերենք մեր գլխին, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ վերաբերվի իր վարքին ու պահվածքին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց՝ առաջիկայում ապրիլի 24-ն է, և եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության նահատակների հոգիներն ավելի հանգիստ չեն լինի: «Պետք է լինել շատ ճշգրիտ, կարգապահ, ամեն օրվա հետ ավելի լուրջ վերաբերվել իրավիճակին: Մենք ամսի 20-ից տեքստիլ գործարաններին պետք է հնարավորություն տանք, որ աշխատեն, բայց եթե այդ գործարանների աշխատողներն ու գործատուներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետաևանքների: Այո, մենք պատրաստ ենք մեր պատասխանատվության մասը կրել, և այսօր քննարկում էինք, որ այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ հսկողության տակ, թե ինչքանով են պահպանվում կանոնները:

Այս պահին արձանագրենք. պետական կառավարման համակարգը կարողացել է իրավիճակն առնել վերահսկողության տակ: Այս փուլից սկսած արդեն յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ ընթացք չունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



Նման նյութեր