«Վերածնվածը». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն աշխատում է նոր կինոնախագծի վրա (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վերածնվածը». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն աշխատում է նոր կինոնախագծի վրա

Ինչպես Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», այնպես էլ ռեժիսորի նոր նախագիծն անհատների, մարդկային ճակատագրերի մասին է, որոնք կյանքի և մահվան ընտրության առջև են հաճախ կանգնում։ Հերոսներին միավորում է Արցախյան պատերազմը, սակայն այս անգամ ևս այն ուրիշ կողմից է ներկայացված։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը պատմել է նոր ֆիլմի և Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Berlinale Talents» ծրագրում ունեցած հաջողության մասին:

«2018 թվականի հոկտեմբերից մենք աշխատում ենք մեր նոր կինոնախագծի վրա։ Ֆիլմի աշխատանքային անվանումներն են «Վերածնվածը» (Revival) կամ «Կալեյդոսկոպ» (Kaleidoscope): Ֆիլմում մասնակցություն կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի դերասաններ։ Իսկ նկարահանումների մի մասը պլանավորված է Արցախում, մյուս մասը՝ Եվրոպայում։  Ֆիլմի սցենարիստը Նարինե Ոսկանյանն է: Նրա հետ աշխատել ենք  «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերում։ Նշեմ, որ մինչ օրս աշխատում ենք ֆիլմի պատմության զարգացման վրա, որի հարցում մեզ գերմանացի սցենարիստ-խորհրդատուից բացի օգնում է նաև Զավեն Բոյաջյանը, որը նույնպես ֆիլմի սցենարի խորհրդատուն է: Իսկ առաջիկայում նախատեսում ենք սցենարի երկխոսությունները գրելու աշխատանքները՝ ամերկացի հայտնի սցենարիստի հետ, որի հետ համագործակցել ենք նաև «Դրախտի դարպասը» ֆիլմով՝ հիմնականում խմբագրական աշխատանքների հետ կապված»,-նշեց Ավետիսյանն ու ընդգծեց, որ  իրենց ստեղծագործական թիմի դռները միշտ բաց են ցանկացած երազող մարդու համար:

Ավետիսյանը նախընտրում է դեռ չբացահայտել, թե որտեղ են տեղի ունենում ֆիլմի գործողությունները, բայց ընդգծում է, որ կինոնկարը դրամա է անհատների մասին, մարդկանց, որոնք փնտրում են իրենց ես-ը, իրենց ինքնությունը՝ չգիտակցելով դա:

«Ֆիլմի հերոսները հայտնվում են տարբեր տարերային աղետ­իրադարձությունների կենտրոնում։ Չորս զուգահեռ պատմություններ են, տարբեր ճակատագրեր… Որքան միմյանցից հեռու են թվում հերոսները, այնուամենայնիվ, ինչ-որ անտեսանելի թելերով շաղկապված են միմյանց, իսկ նրանց միավորողը աղետն է՝ 25 տարի առաջ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունները, որ բուռն ազդեցություն են գործում գլխավոր հերոսների ճակատագրերի վրա՝ հաշվի չառնելով ո՛չ պաշտոն, ո՛չ ազգություն, ո՛չ հեռավորություն։  Հերոսների անցյալի թելերը, որոնք, թվում է, հանգուցված են եղել 90-ականների պատերազմում, հետզհետե սկսում են քանդվել մեր օրերում: Ընդհանուր առմամբ, ֆիլմն անդրադառնում է ինքնության թեմային, որը հավերժ արդիական է և համամարդկային։ Հենց դեպի տուն վերադառնալու գաղափարն է, որ դրված է ֆիլմի հիմքում։ Կերպարները պետք է գիտակցեն, որ ամեն սերունդ պատասխանատու է իր նախորդների ստեղծած պատմությունը շարունակելու համար: Սեփական ինքնությունը պահպանելու համար, իհարկե, մեծ կամք և լուրջ ջանքեր են պահանջվում։ Ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը վերջում վերադառնում է իր տուն՝ կարծես նորովի ծնված, վերածնված։ Ֆիլմը հետաքրքիր պատմություն և կառուցվածք ունի, բաղկացած է միմյանց փոխկապակցված ինը բաժնից»,-նշեց Ավետիսյանը:

Անդրադառնալով Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Berlinale Talents» ծրագրում ունեցած հաջողությանը՝ նա ընդգծեց, որ այն կարևոր էր թե՛ իրադարձային, թե՛ նոր նախագծի հետագա աշխատանքների զարգացման համար:

Ծրագրին ներկայացվել է 3400 հայտ 140 երկրից:  Ընտրվել է 250 կինոարտադրող, որոնցից 17-ի մասին գերմանական «Դոյչե Վելե» հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարահանել: Նրանցից է Ջիվան Ավետիսյանը:

Նամակում, որով Ավետիսյանին տեղեկացրել են ընտրության արդյունքների մասին, նշված է եղել հետևյալը.«Մենք բարձր ենք գնահատում Ձեր հավակնոտ մոտեցումը կինոարտադրությանն ու Ձեր ներկայացրած պատմություններին»:

«Ես ուրախ եմ, որ իմ երեք ֆիլմով հետաքրքրություն եմ առաջացրել նրանց մոտ, և հաշվի են առնվել իմ փորձառությունը, ֆիլմերում ներկայացված պատմությունները։ Արդյունքում, ընտրության համար նրանց վստահություն է ներշնչել իմ նոր՝ «Վերածնվածը» կամ «Կալեյդոսկոպ» կինոնախագիծը, որը թվով կլինի իմ չորրորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Սա նշանակալի թիմային հաջողություն է, և ես խրախուսում եմ հայ կինոգործիչներին դիմել «Berlinale Talents» ծրագրին, որը ոչ միայն ռեժիսորների, պրոդյուսորների, այլև դերասանների, նկարիչների, օպերատորների համար է։ Վերոնշյալ ծրագրին իմ մասնակցությանը զուգահեռ, իմ երկու կոլեգաները՝ «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի և «Վերածնվածը» կինոնախագծի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը և ռազմավարական խորհրդատու Հասմիկ Ավետիսյանը, աշխատանքներ են իրականացրել նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող եվրոպական ֆիլմերի կինոշուկայում։ Ես էլ հաճախ միանում էի նրանց՝ տարբեր հանդիպումների ժամանակ»,-ասաց Ավետիսյանը:

Ռեժիսորի խոսքով՝ իր մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են երկու տեղում՝ Բեռլինի պատի մոտ և Բեռլինի եվրոպական ֆիլմերի կինոշուկայի հայկական տաղավարում: «Բեռլինի պատի ընտրությունը խորհրդանշական իմաստ ուներ. պատի փլուզումը միավորեց գերմանացիներին, բայց միաժամանակ, նույն շրջանում, սկսվեց ամենադաժան բախումը՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև: Ես խորապես համոզված եմ, ոչ մի բռնակալի կողմից գծված քարտեզ չի կարող հարատև լինել: Իսկ մեր տաղավարում նկարահանումները կարևոր էին, քանի որ մեր երկիրն առաջին անգամ Բեռլինի կինոշուկայում ներկայանում էր առանձին տաղավարով, որը բոլորիս հաջողությունն է, և որի համար շնորհակալ եմ ՀՀ ազգային կինոկենտրոնին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին՝ նրա անմիջական մասնակցության ու ջանքերի համար։ Ուստի, ինձ համար կարևոր էր, որ «Դոյչե Վելե» հեռուստատեսությամբ խոսվի ոչ միայն իմ ֆիլմարվեստի, այլև առհասարակ հայկական կինոյի մասին»,-ասաց Ավետիսյանը:

Նա պատմեց, որ 2014 թվականից Մասիս Բաղդասարյանի հետ ստեղծելով իրենց ընկերությունը՝ առաջնային են համարել համամարդկային չափանիշներով բարձրարժեք ստեղծագործություններ ստեղծելը, որոնք գեղարվեստի միջոցով կներկայացնեն մեր խաղաղասեր ժողովրդի արդար պայքարն իր մարդկային և ազգային իրավունքների համար։ «Այս տարիների ընթացքում համագործակցելով ոչ միայն հայկական, այլև բազմաթիվ միջազգային կինոընկերությունների, կազմակերպությունների, հայ և միջազգային ճանաչում ունեցող դերասանների հետ, հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին, ստեղծել ենք երեք լիամետրաժ ֆիլմ՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: Եվ մեծ հույս ունեմ, որ հաջողությամբ իրականություն կդարձնենք նաև մեր նոր՝ «Վերածնվածը» կամ «Կալեյդոսկոպ» կինոնախագիծը»,-եզրափակեց Ջիվան Ավետիսյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Ջիվան Ավետիսյանը



Նման նյութեր