Զրույց քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հետ. Վահագն Չախալյան
Advertisement 1000 x 90

Զրույց քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հետ. Վահագն Չախալյան

Վահագն Չախալյանի գրառումը.

«Հետաքրքիր» մարդ եք պրն. Փաշինյան…
Մենք Ձեզ դիմում ենք ՀՀ ներդրումներ բերելու հարցում, աշխարհասփյուռ հայությանը՝ մասնավորապես ռուսահայ գաղթօջախների հսկայածավալ պոտենցիալը կազմակերպելու և ուղղորդելու դեպի ՀՀ տնտեսության զարգացման առաջարկով, Դուք արհամարհում եք մեզ:
Մենք Ձեզ դիմում ենք Սևանա լճի էկոլոգիական խնդիրների լուծումներ փնտրելու և նրա պահպանման ու զարգացման համապարփակ ծրագիր մշակելու առաջարկով, Դուք արհամարհում եք մեզ:
Մենք Ձեզ դիմում ենք ՀՀ և Վրաստանի Բավրա-Նինոծմինդա սահմանամերձ հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծման և այդ ծրագրի իրագործման ամենածանր՝ վրացական կողմի հետ բանակցությունների մասը մեր վրա վերցնելու առաջարկով, Դուք արհամարհում եք մեզ:
Մենք Ձեզ դիմում ենք Նաիրիտ ՓԲԸ-ն վերագործարկելու և այդ նպատակով ներդնողներ հրավիրելու հարցում աջակցելու (ներդրողների հետ նախնական պայմանավորվածությունների հաշվին) առաջարկով, Դուք արհամարհում եք մեզ:
Մենք Ձեզ դիմում ենք ՀՀ գյուղերի և համայնքների ներառական զարգացման համապարփակ ծրագիր մշակելու և ՀՀ գյուղերի զարգացման աննախադեպ ներդրումային ծրագիր իրականացնելու համար, Դուք արհամարհում եք մեզ։
Մենք Ձեզ դիմում ենք համագործակցության, համերաշխության, համավարակի եւ թուրքական վտանգի դեմ համախմբվելու և միասնական պայքարելու առաջարկով, Դուք կրկին բանի տեղ չեք դնում մեզ:
Այս ամենը պետականության դիտանկյունից հասկանալի չէ, սակայն մենք հասկանում են, թե ինչու է այդպես:
Հրապարակային հարց եք տալիս․ կորոնավիրուսն ու՞մ շունն է: Ու փոխանակ վարակի խնդիրներով զբաղվեք, հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավ եք սկսում՝ հրապարակ հրավիրելով մարդկանց զանգվածների․․:
Որովհետեւ խնդիր ունեք անօրինական հանրաքվեով վերահսկելի դարձնել սահմանադրական դատարանը: Պետականության դիտանկյունից հասկանալի չէ, սակայն մենք հասկանում ենք, թե ինչու է այդպես:
Հանկարծ հասկանում եք, որ վարակը լուրջ է եւ արտակարգ դրություն եք սահմանում: Պետականության դիտանկյունից կիսահասկանալի և ուշացած քայլ է, սակայն մենք հասկանում ենք, թե ինչու է այդպես:
Հետո բացահայտում եք, որ պառակտված եւ հալածանքների մեջ սպառված երկրում քայքայված տնտեսությունը չի դիմանա անգործության: Արտակարգ դրությունը պահպանում եք, մայրաքաղաք Երեւան մուտքերն ու ելքերը փակ պահում՝ հանուն մեր հասարակության առողջության ու անվտանգության:
Սա քիչ թե շատ հասկանալի է, անգամ պետականության դիտանկյունից:
Օր օրի ազատում եք տնտեսության բոլոր ուղղությունները, որովհետեւ տեսնում եք, որ ժողովուրդը սոված է: Հասկանալի է:
Ձեր փոխարեն ելույթ է ունենում այս ամենի մեղավորաց մեղավոր Լ․ Տեր-Պետրոսյանը եւ բացատրում, որ երկիրն անվերահսկելի է եւ հարկավոր է լուռումունջ սպասել: Սա դժվար հասկանալի է, սա անհասկանալի և անընդունելի է, բայց հանուն օրինապահության, հանուն պետականության փորձում ենք սա էլ հասկանալ ու սպասում ենք:

Մենք սպասում ենք, իսկ Դո՞ւք, մենք սպասում ենք, իսկ Դուք օր օրի Ազգային ժողովում մեկը մյուսի հետեւից ամբողջատիրական օրենքներ եք ընդունում, որովհետեւ արդեն իսկ իրավիճակը վերահսկել Ձեզ չի ստացվում:
Այսինքն՝ սխալը սխալով եք ուզում փակել, ժողովրդական խոսքերով ասած՝ «քաքն ուզում եք ձնով ծածկել» , բայց սրանով (գիտակցաբար թե անգիտակցաբար) Դուք երկիրը մտցնում եք մի անվերահսկելի անկման փակ շրջան, իսկ հիասթափված, մի կերպ գոյություն պահպանող ժողովրդին ասում եք, որ Դուք եք երկրի միակ այլընտրանքը, եւ կամ վերադարձ հներին (գուցե Ձեր թաքուն ցանկությունը և բաղձալի երազանքը), կամ էլ կրիկին ժողովրդական խոսքերով ասած «Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»:
Չէէէ պրն. Փաշինյան, հազար անգամ չէ, ոչ ոք չի թողնելու, որ մեր երկրում հին ռեժիմը վերարտադրվի և ոչ թե նրա համար, որ Դուք կամ Ձեր արբանյակ քաղաքական ուժերն են ծռերի գլխավորությամբ պաշտպանելու մեր ժողովրդին, մեր երկիրն ու նրա շահերը, այլև ժողովուրդն է պաշտպանելու մեր երկիրը, ինքն իրեն և իր հետ էլ մեզ ու ձեզ, այն ժողովուրդը, որին այդպես գոռոզամտաբար դասեր եք տալիս:
Ինչևէ, չշեղվեմ գլխավոր նյութից, ինչու սկսեցի այս «դառը», բայց ճշմարիտ զրույցը, քանզի ցանկանում եմ տեղեկացնել մեր համակիրներին, զինակից ընկերներին և բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում Ձեզ, որ կորոնավիրուսը եկավ փաստելու, որ այս Ազգային ժողովը, այս կազմով ի վիճակի չէ պաշտպանել ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ առավել ևս նրա քաղաքացիների շահերը, ուստի հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն նրա քաղաքացիների անօտարելի իրավունքների անհրաժեշտ է օր առաջ և անհապաղ կերպով տուն ուղարկել, այս «անոռուգլուխ» Ազգային ժողովը և կազմակերպել արտահերթ ընտրություններ: Ելնելով վերոնշյալից ուզում ենք հայտնել բոլորիդ, որ սկսում ենք ձեւավորել նոր քաղաքական հարթակ, որը ՀՀ-ում արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո, կպահանջի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
Մենք կարող ենք շատ բան հասկանալ, սակայն չենք կարող թույլ տալ նման անվերահսկելի իրավիճակ:
Դուք այլեւս իրավիճակի տերը չեք և սա պետականության դիտանկյունից հասկանալի չէ:



Նման նյութեր