«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը

Ռուսաստանում բնակվող Նոբել Առուստամյանը, որը հայտնի մարզական մեկնաբան է, Match TV- ի «Eurotour» ծրագրի շրջանակում մեկնել է Հռոմ և հանդիպել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հաղորդումը նկարահանվել է կորոնավիրուսի համավարակից առաջ։

Հաղորդման սկզբում Առուստամյանը հայերեն է բարևում Մխիթարյանին, ֆուտբոլիստն ի պատասխան ժպտում է ու ասում` Իտալիայում պետք է ասել «բոնջորնո»: Հետո Մխիթարյանը պատմում է, որ 4 ամսում իտալերեն է սովորել, որովհետև իրեն «ստիպել են» մրցաշրջանի սկզբում լրատվամիջոցներին հարցազրույց տալ իտալերենով:

«Հիմա ես գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, մի քիչ գերմաներեն և իտալերեն: Իսկ պորտուգալերենն արդեն մոռացել եմ», – խոստովանում է Մխիթարյանը:

Առուստամյանը Հենրիխին խնդրում է սելֆիի թեմայով զավեշտալի դեպք պատմել։

«Մի ընկերության աշխատակիցներ էին իմ տուն եկել` wi-fi սարք տեղադրելու։ Նրանցից մեկը խնդրեց, որ հետը սելֆի անեմ: Չկարողացա հրաժարվել», – ժպտում է Հենրիխը։

Մեկնաբանը հետաքրքրվում է` իսկ Հռոմի ամենալավ ռեստորանը որտե՞ղ է։ Ֆուտբոլիստը նախ ասում է, որ իտալական խոհանոցն ամենահամեղն է աշխարհում, հետո խորհուրդ է տալիս այցելել ձկնային ուտեստներ մատուցող ռեստորաններից մեկը:

Առուստամյանը հարցնում է` հնարավո՞ր է, որ այդ ռեստորանում իրեն զեղչ տան, եթե Մխիթարյանի անունը տա, ֆուտբոլիստը կատակում է. «Եթե անունս տաս, նրանք քո հաշիվը կկրկնապատկեն»:

Առուստամյանը որոշում է գնալ Մխիթարյանի նշած ռեստորանն ու պատվիրում է այն ուտեստը, որը սովորաբար պատվիրում է ֆուտբոլիստը՝ թագավորական ծովախեցգետիններ պանրով ու սխտորով։

Հիշեցնենք, որ 2018-ին Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր էր կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: 2019 թվականի սեպտեմբերից Մխիթարյանը վարձակալության հիմունքով խաղում է «Ռոմայի» կազմում։

armeniasputnik.am