Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է․ թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:
Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:
Առողջություն եմ մաղթում նրանց»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 10793 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1161): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում պակասել է 3-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 402 անձ (վերջին մեկ օրում՝ 44 մարդ), 19 պացիենտ մահացել է: