ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, որն անհրաժեշտ է պահպանել, վերականգնել և հավուր պատշաճի ներկայացնել հայ և միջազգային հանրությանը: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ այս գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ թղթակցի հետ հետ զրույցում Նարինե Խաչատուրյանն ասաց, որ հուշարձանների պահպանության համար բազմաթիվ քայլեր են արվում, բայց, եթե չլինի հասարակության ընկալումը և գիտակցումը, նրանց սերը հայրենիքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ, պետությունը որքան էլ ջանք թափի, մեծ արդյունքի հասնել չի կարող:
«Ահռելի հարստություն ունենք, որի մի մասը հողի տակ է: Դեռևս մեծ աշխատանք կա անելու հաջորդ սերունդների համար, բայց, ֆինանսական պատճառներով պայմանավորված, բոլոր հուշարձանները միանգամից վերականգնել պարզապես հնարավոր չէ: Պետությունը պատրաստ է համագործակցել մասնավոր ընկերությունների, համայնքների հետ, սակայն համայնքների բնակիչների գիտակցությունը պետք է բարձրանա, քանի որ շատ դեպքերում հուշարձանները ոչ թե բնական ճանապարհով են ավերվում, աղճատվում, այլ մարդկային գործոնի հետևանքով, ինչը շատ տխուր է»,-շեշտեց Խաչատուրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում նման փաստեր չպետք է լինեն, բայց մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք իրավիճակի, երբ հուշարձանն աղավաղվում է, երբ հուշարձանի տարածքում հուղարկավորություն է կատարվում, երբ պատմական շինությունն ուղղակի այլանդակվում է՝ ըստ սեփականատիրոջ ճաշակի:
Անդրադառնալով ոլորտի օրենսդրական բացերին՝ փոխնախարարն ասաց, որ դրանց շուրջ այժմ աշխատում են, հոդվածների փոփոխություններ են պատրաստել, որոնք շուտով շրջանառելու են:
ՀՀ ԿԳՄՍ-ն իրազեկման ակցիաներ էր իրականացնում թե՛ մայրաքաղաքում, թե՛ համայնքներում: Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով ակցիաները ժամանակավոր ընդհատվել են: «Համայնքապետերը մեծ հետաքրքրությամբ էին լսում մեզ, բայց հետո նորից տեղեկանում էինք, որ այսինչ հուշարձանի տարածքում անօրինական շինություն է կառուցվում և այլն: Ենթադրում եմ, որ բացի վարչական տուգանքներից, քրեական պատասխանատվության պետք է պատիժը հասցնել, բայց ամենաարմատական փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք երեխաներին սովորեցնենք հասկանալ մշակույթի արժեքը, այդ թվում՝ հուշարձանների: Այդ նպատակով նախաձեռնել ենք հայրենաճանաչողական ծրագիր, որը կյանքի կկոչենք, և որը գիտակցության մեջ նման փոփոխություն կմտցնի: Երեխան, որը կլինի մեր շահառուն, անգամ իր ընտանիքի անդամներին թույլ չի տա թղթի կտոր նետել այս կամ այն հուշարձանի տարածքում»,-ընդգծեց նախարարի տեղակալը:
Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հավանաբար մի քանի օրից Սանահինի և Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման մրցույթ են հայտարարելու: Նախարարությունն այս տարի վերականգնման ենթակա հուշարձանների մեծ ցանկ ունի: Ամեն տարի որոշվում է, թե որ հուշարձաններն են առաջնահերթության կարգով վերականգնվելու, իսկ առաջնահերթությունը վտանգվածության աստիճանով է որոշվում:
Մեր պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար նախարարությունը մեծ նշանակություն է տալիս թվային տիրույթին: Պատրաստվելու է մեծ բազմալեզու պորտալ հուշարձանները, հնագիտական դաշտը ներկայացնելու համար: Խաչատուրյանը խոստովանեց, որ այդ առումով կաղում ենք և պետք է ագրեսիվ արշավ սկսել մշակույթը ներկայացմելու համար: «Մեր մշակույթը հարուստ է ու գրավիչ, պարզապես այն պետք է կարողանանք ճիշտ մատուցել: Հիմա այս քայլերն արվում են»,- եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը: