«Ինչպե՞ս խնամեմ կամ որտե՞ղ կտրեմ մազերս», «ո՞վ կխնամի եղունգներս», «ինչպե՞ս հետևեմ կազմվածքիս»․ կարանտինի ընթացքում ամենահաճախ հնչող հարցերից են: Բոլոր դեպքերում պատասխանը մեկն է՝ սպասել, կամ էլ որպես այլընտրանք՝ դիմել «փորձի՛ր ինքդ» տարբերակի օգնությանը:
Այս օրերին շատ են կանայք ու աղջիկները, որոնք ընտանիքի անդամներին խնդրում են կտրել կամ ներկել մազերը, հարդարել եղունգները: Շատերի մոտ դա ստացվում է, որոշների դեպքում էլ՝ արձանագրվում է հերթական «ընտանեկան դրաման»:
Գյումրեցի կինը, որը չցանկացավ ներկայանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ավելի քան մեկ տասնամյակ ընտանիքի անդամներն իր մազերի իրական գույնը տեսնելու առիթ չեն ունեցել, բայց արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ստիպված ամուսինը կնոջ վարսահարդարն է դարձել։
«Ավելի քան 10 տարի տանեցիները իմ իրական մազերի գույնը չէին տեսել, հիմա ստիպված ամուսինս դարձավ վարսահարդարս: Առաջին անգամ լավ չստացվեց, բայց արտակարգ դրությունը երկարացնելու դեպքում, հավանաբար հրաժարվեմ գեղեցկության սրահից»,- կատակեց կինը:
Եթե հասարակության մի մասի դեպքում մարմնի խնամքը որոշակի դժվարություններ է առաջացնում, ապա կան կանայք և աղջիկներ էլ, որոնց համար կարանտինի ընթացքում սեփական մարմնի խնամքով զբաղվելը նույնիսկ հաճույք է պատճառում։ Միջազգային մի շարք գեղեցկության մրցույթների մասնակցած գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենևին էլ չի սրտնեղում, որ գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am