ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը երկու անգամ եմ լսել. առաջին անգամ ականջներիս չէի հավատում, երկրորդ անգամ՝ աչքերիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։
«Եթե ուրիշ մարդ խոսեր, ես կփորձեի ըմբռնումով մոտենալ, հասկանալ՝ ինչու է նման բան ասում, պատճառները վերլուծել, լեքսիկոնը, ջղային շարժուները հասկանալ: Բայց քանի որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանն էր ասում, ակամայից հիշում էի այն դեպքերը, որոնք տեղի էին ունեցել իր մեքենայի, իր խմբագրության շուրջ, իրենց ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրագրողների գործունեության շուրջ:
Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր ինքն իր մասին, իր լրատվամիջոցի գործունեության մասին: Բոլոր տարիների ընթացքում իր ղեկավարված լրատվամիջոցը հենց այսպես է աշխատել: Ինքը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր աշխատաոճը:
Մի տարբերությամբ միայն. ինքը հույսը դրել էր այն բանի վրա, որ իր նախկին գործընկերներն այնքան բարոյականություն ունեն, որ իրեն չեն հիշեցնի բազմաթիվ դեպքեր: Ինքը մի բան էլ է մոռանում. որ շատ հաճախ նաև շանտաժի միջոցով էր փորձում ինչ-որ բաներ կորզել նախկին բոլոր տարիների իշխանություններից:
Նիկոլ Փաշինյանն ինչ խոսում է, կամ իրականությանը չի համապատասխանում, կամ լեքսիկոնում գործածած ածականները հենց իր մասին են, ցավալիորեն: Երկրի վարչապետին նման լեքսիկոնն ուղղակի հարիր չէ: Նա չի դադարել լինել որոշակի տեսակի, որոշակի սեգմենտի սպասարկող լրատվամիջոցի հոդվածագիր», – ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ վարչապետին հորդորում է չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։
«Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետը անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար», – նշված է հայտարարության տեքստում։