«Վարչապետի այդ հայտարարությունն ինձ համար անակնկալ էր, որովհետեւ եթե նա գիտի փաստեր ու կոնկրետ անուններ, պարտավոր է հնչեցնել: Եթե չգիտի փաստ, չգիտի, թե որ լրատվամիջոցներն են եւ որ լրագրողները, ապա նման կարծիք հնչեցնելը, կարծում եմ, հարիր չէ պետության ղեկավարին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում կատարած բնորոշմանը, թե լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, ասաց «Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
Նա նշեց. «Մյուս կողմից, օդում կախված տեղեկություններ կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր թերթը պահելու համար գումարներ ստացել նախկին իշխանություններից: Հիմա, երբ ինքն ասում է, որ ԶԼՄ-ների 99%-ը փող է ստացել նախկին իշխանությունից, չեմ կարծում, որ այն մեկ տոկոսն իրեն նկատի ունի: Այդ 99%-ի մեջ հենց ինքն է մտնում: Թող բարի լինի պարզաբանի՝ արդյոք իր թերթը մտնո՞ւմ է այդ իշխանությունից գումար ստացածների մեջ, մանավանդ, որ այդ մասին օդում կախված տեղեկություններ կան»:
Սեւակ Հակոբյանը հավելեց. «Կարծում եմ՝ մարդն ինքն ինչ-որ բան ակնկալած եւ ստացած պետք է լինի, որ դա հիմա բոլորի վրա վերագրի ու ասի…նման հայտարարությունները պարզապես հարիր չեն պետության ղեկավարին: Նա առհասարակ պետք է իր բառապաշարը փոխի, այլապես թող անուններ տա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ