«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տան աշխատողներից մեկը՝ 47-ամյա Իրինա Դոլգովան, 7 տարի շարունակ գողություն է կատարել։ Նա իրենց տանը կատարված գողությունների մասին պատմեց Sputnik Արմենիային։
«Իմ տան 7 տարվա աշխատողը 7 տարի գողություն է կատարել։ Տանը 3-4 աշխատող կա, ու ես միշտ այլ աշխատողների վրա եմ կասկածել, շատերին եմ իր պատճառով աշխատանքից ազատել։ Տեսնում էի, որ մի օր գումար անհետացավ, մի օր` հագուստ, մի օր` այլ իր… Ամեն ինչ բացահայտվեց, երբ այդ կնոջ ամուսինը եկավ մեր տուն, ու ես տեսա, որ նա ամուսնուս 700 դոլար արԺողությամբ պատկանող գոտին է կապել, որն անհետացել էր տնից։ Ես զանգահարեցի ոստիկանություն, որպեսզի հասկանամ` աշխատողիս պայուսակը ստուգելու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ»,-պատմեց Գոհարը։
Զանգից 15 րոպե անց ոստիկանությունը ժամանել է Գոհարի տուն։ Աշխատողը չի հերքել, որ ինքն է գոտին գողացել։ Գոհարը Մաշտոցի ոստիկանությունում բողոք չի գրել, չնայած հիմա զղջացել է, որովհետև այդ կնոջ ամուսինն առավոտյան իրենց տուն է եկել ու Գոհարի ամուսնու վրա մատ թափ տվել, թե դուք չգիտեք` ես ինչ շրջապատ ունեմ։
«Ես ուզում եմ գտնել բոլոր մարդկանց, որոնց տանն ինքն աշխատում է, և զգուշացնել, որ իրեն հեռացնեն աշխատանքից, ու եթե իրենց տներում էլ է գողություն կատարվում, իմանան, թե ով է անում»,- ասաց Գոհարը։
Նա հույս հայտնեց, որ եթե բոլորը սկսեն պայքարել արդարության համար, Հայաստանում անպատժելիությունը կվերանա։