Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1473 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 14 հազար 966 թեստ։
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով, և բուժվածների թիվը դարձել է 633։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Լիլիթ Դեմուրյան