Ռուբեն Շուգարյանի անսպասելի մահվան լուրը բոլորիս վշտացրեց: Ես խուսափում եմ մահախոսական ճառեր գրելուց: Իր մասին մտերիմներից, ընկերներից շատերը գրեցին, ցավակցեցին: Ուղղակի կուզեի իր հիշատակին նվիրված մի փոքրիկ պատմություն պատմել մեր համատեղ աշխատանքից:
Ռուբենը շատ նուրբ հումորի զգացում ուներ, դրա շնորհիվ մենք շատ մտերմացանք:
Եվ այսպես, 1991 թվի ամռանն էր, ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամբողջ կազմով մեկնեցինք Մոսկվա` Հայաստանի անկախության հանրաքվեի մասին աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին ներկայացնելու համար: Բանն այն է, որ Հայաստանը դեռ ԱԳՆ չուներ (կար մի փոքր ֆորմալ կառույց, բայց գործառույթ չուներ), մեր հանձնաժողովն էր ԱԳՆ-ի ֆունկցիաները կատարում: Բոլոր դեսպանատները ցուցակագրված, հասցեներով, հեռախոսներով քարտեզագրված մեր ձեռքի տակ էին: Ամեն օր բաշխում էինք, ով որտեղ պետք է գնա: Ինձ ու Ռուբենին վիճակվեց Թուրքիայի դեսպանատունը: Նախօրոք պայմանավորված ժամին այցելեցինք դեսպանատուն, մեզ դիմավորեց դեսպանի քարտուղարուհին` ազգությամբ ռուս:
Այստեղ մի փոքրիկ կանգ առնեմ, որ նկարագրեմ այդ տեսարանը:
Մենք կանգնած էինք նախասրահում, իսկ 2-րդ հարկի լայն աստիճաններից թիթեռնիկի գրացիայով մի մոդել էր սավառնում դեպի մեզ: Զգեստն այնքան կարճ էր, որ ակամա ցուցադրում էր իր բարեմասնությունները: Ես ու Ռուբենը շատ երիտասարդ էինք, եւ բնական էր մեր ռեակցիան. արմունկով իրար սկսեցինք հրել, չէինք կարողանում մեր խորհդավոր ժպիտը թաքցնել:
Թիթեռնիկը բացականչեց –«Добрый день, дорогие друзья, скоро Вас примет посол»: Այդ պահին նույն 2-րդ հարկի լայն աստիճաններից ցատկոտելով իջնում էր ինքը՝ Վուլքան Վուռալը (ցածրահասակ, ծուռ ոտքերով, տիպիկ միջնադարյան թուրք): Եվ երբ ինքն էլ ճախրելով, գրկաբաց մոտեցավ, որ գրկախառնվի մեզ հետ` արտաբերելով «Good afternoon my dear friends», նույն պահին լսեց մեր արձագանքը` «Afternoon good» :):), թեւաթափ եղավ, ժպիտը երեսից վերացավ, ու արդեն պաշտոնական կեցվածք ընդունելով հրավիրեց մեզ իր առանձնասենյակ:
45 րոպե գլուխներս տարավ, որ մենք եղբայրներ ենք, պատմությունը պետք է մոռանանք ու նման հիմար պրոպագանդա: Ես արդեն չէի դիմանում, մտքովս անցնում էր, որ հեսա սեղանից ծանր մոխրամանը վերցնեմ ու տամ գլխին: Ռուբենը զգաց իմ հոգեվիճակը, նորից արմունկով բզեց, համբերի հեսա կարճ կկապեմ:
Մի 5 րոպեանոց ամերիկյան անգլերենով սրան դիվանագիտորեն տեղը դրեց: Ռուբոյի ելույթից շատ նրբություններ ես էլ չհասկացա, բայց ընդհանուր բովանդակությունը հետեւյալն էր՝ «էդ հեքիաթները կգնաս քո երեխաներին կպատմես, իսկ պատմության քո գիտելիքները՝ ձեր մեդրեսեներում: Մենք ստեղ այլ առաքելությամբ ենք եկել»: Ռուբենի ելույթից հետո, Վուլքանի երեսը կարմրությունից հրաբուխ էր հիշեցնում: Մի խոսքով բարեհաջող հեռացանք:
Հ.Գ: Թուրքիան առաջիններից ճանաչեց Հայաստանի անկախությունը:
Շահեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: