Հաճընի հայ ընտանիքը՝ զենքով իր օջախը պաշտպանելիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հաճընի հայ ընտանիքը՝ զենքով իր օջախը պաշտպանելիս

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հաճընի հայ ընտանիքը՝ զենքով իր օջախը պաշտպանելիս… Անբեկանելի փաստ է, որ մենք հաղթել և գոյատևել ենք միայն այն ժամանակ, երբ զենքով ենք դուրս եկել թշնամու դեմ, այլ ոչ թե աղոթելով՝ ենթարկվել նրան: 1909 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքում արված այս բացառիկ լուսանկարում պատկերված են ինքնապաշտպանական ջոկատի հայ կամավորները՝ երիտասարդ մի ամուսնական զույգ, որը զենքով է պաշտպանում իր հայրենի օջախը: Ամուսինը մաուզեր տիպի ինքնաձիգ հրացանը ձեռքին պատրաստվում է մարտի, իսկ կինը` հինգ փամփուշտներով լիցքավորված հերթական պահունակն է փոխանցում ամուսնուն: Վերջերս հնարավոր եղավ պարզել, որ ազդեցիկ այս լուսանկարի հեղինակն է ամերիկացի միսիոներուհի, Հաճըն քաղաքի որբանոցի նվիրյալ աշխատակից Ռոուզ Լամբերթը (Rose Lambert):

1909-ի ապրիլին` արյունով ողողված այդ օրերին Կիլիկիայի հայությունը դիմել էր ինքնապաշտպանության: Ի տարբերություն Ադանայի, որը գտնվում էր հարթավայրում, Հաճընը զբաղեցնում էր բարձրադիր դիրք և ուներ 30 հազար զուտ հայկական բնակչություն: Ապրիլի 4-ից՝ 15-ը Ներսես վարդապետ Դանիելյանի գլխավորությամբ հաճընցիները կարողացան հերոսաբար ետ մղել թուրքական մեծաթիվ ուժերի հարձակումները: Այդ տասնօրյա ինքնապաշտպանական մարտերի ընթացքում Հաճընում ոտքի էին ելել և զենք վերցրել բառացիորեն բոլորը՝ փոքրից մինչև ծերունի: Ի վերջո, Մերսինի անգլիական հյուպատոսի միջնորդությամբ՝ թուրքերի կողմից քաղաքի պաշարումը հնարավոր եղավ վերացնել, որով ձախողվեց տեղի հայերի բնաջնջման հրեշավոր ծրագիրը՝ ինչպես դա եղավ, ցավոք, Հայկական Կիլիկիայի փաստացի մայրաքաղաք Ադանայում:

Ամերիկուհի Ռոուզ Լամբերթը դարձել էր 1909 թվականին Կիլիկիայում հայերի դեմ իրականացրած սարսափելի բռնությունների ականատեսը և մեծ աշխատանք կատարեց աղետի մեջ գտնվող կիլիկիահայությանն ինչ որ կերպ աջակից լինելու հարցում։ Հայերը նրան այդպես էլ անվանում էին՝ «մեր պահապան հրեշտակը»։ Այդ աղետալի դեպքերից հետո տպագրված Ռոուզ Լամբերթի «Հաճընը և հայերի կոտորածները» փաստագրական գիրքը չափազանց կարևոր նշանակություն ունեցավ Կիլիկիայի 1909-ի իրադարձությունների համապարփակ ուսումնասիրման համար։ Պաշարման ժամանակ Լամբերթը, գտնվելով Հաճընում, կապ էր պահպանում արտաքին աշխարհի հետ ամերիկյան հյուպատոսության միջոցով՝ մշտապես տեղեկություններ հայտնելով հայերի իրական վիճակի մասին, որոնք հրատապ կարգով տպագրվում էին նաև ամերիկյան մամուլում:



Նման նյութեր