
Լոս Անջելեսի համայնքային հայկական կազմակերպություններին անգամ կորոնավիրուսը չի խանգարել Ապրիլի 24-ի առիթով իրենց պահանջատիրական ձայնը ողջ աշխարհին լսելի դարձնելու: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով նշանակալի մի խումբ դեմքեր՝ այդ թվում քաղաքական գործիչներ, միանում են հայ համայնքին՝ իրենց ուղերձներով ողողելով օնլայն տիրույթը:
Ոգեկոչման ավանդական բազմաբարդ միջոցառումները՝ ապրիլի 23-ի մոմավառությունը, 24-ի քայլերթը, Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցը, չեղարկվել էին համավարակի պատճառով, սակայն համայնքային կազմակերպությունները միավորել են ջանքերը՝ հանդես գալով լայնամասշտաբ նոր հեռուստատեսային և օնլայն նախաձեռնությամբ: Ծրագրին մասնակցությունն են ունեցել նաև ԱՄՆ-ում նշանակալի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության ներկայացուցիչ Միլենա Մաիլյանը «Արմենպրես»-ին պատմել է իրենց այլընտրանքային ոգեկոչման ծրագրի մասին: