Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ. armeniasputnik.am

Գաղթականի զավակ եմ: Սառա տատս, ավելի ստույգ` հորս տատը, որի անունը կրում եմ, ծնվել ու մեծացել է Արևմտյան Հայաստանի Բայազետի Ջուջան գյուղում: Խոշոր սև աչքերով, սպիտակամաշկ այս հայուհին լավ ձիավարել է, բայց եղել է ամոթխած ու համեստ մի աղջիկ: Դեռահաս էր, երբ ամուսնացավ Գեղամի հետ` Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Չլկանի գյուղից: Գեղամն իսկական հայ տղամարդ էր` խիստ ու հաղթանդամ: Նա իր ազդեցիկ տեղն ուներ արևմտահայ ու թուրք հասարակության մեջ, որովհետև բացի մեծահարուստ լինելուց, նաև ժամանակի լավ դատավորներից էր:

Պատմում են, որ երբ Գեղամը ձիով տուն էր գալիս, կրտսեր եղբայրներն ընդառաջ էին վազում` նրան դիմավորելու, բռնում էին ձիու սանձը, օգնում, որ իջնի և ուղեկցում տուն: Դա հայերի մեջ տարածված` մեծի հանդեպ հարգանքի գեղեցիկ դրսևորում էր: Ջերմությամբ ու սիրով լի հայկական ընտանիք էր Գեղամի ու Սառայի ընտանիքը:

Նրանք 6 զավակ են ունենում` 5 աղջիկ, մի տղա: Այս ամենը մինչև… մինչև չարաբաստիկ կոտորածներ: Երբ Վանի կողմերում սկսվում են ջարդերն ու ազատագրական պայքարը, Սառայենց գյուղում ապրող ազդեցիկ մի թուրք, որը լավ հարաբերությունների մեջ էր գյուղի հայ բնակչության հետ, թաքուն նրանց հասկացնում է սպասվելիքի մասին և խորհուրդ տալիս Արաքսի մյուս կողմն անցնել, մինչև խժդժություններն ավարտվեն:

Սառան ու Գեղամը, որ տուն ու տեղ ունեին, հողեր, անասուն, ոսկեղեն, մնում են շվարած: Ստիպված մեծ մասը վաճառում են, որովհետև գումարն ավելի հեշտ էր տեղափոխել, ու 6 երեխաների հետ բռնում գաղթի ճամփան: Չնայած Ալաշկերտն Արևելյան Հայաստանին մոտ է, բայց դառնություններով լի այս ճանապարհին նրանց զավակներից 3-ը` 3 դուստրերը, մահանում են: Երկու աղջիկների, որոնցից մեկը դեռ ծծկեր էր, և որդու հետ Սառան ու Գեղամը հասնում են Էջմիածին: Իսկ Էջմիածնում այդ օրերին` անթիվ ու անհամար անտուն գաղթականներ, սով, համաճարակ, համատարած մահ: Հենց Մայր աթոռի պատերի տակ մի գիշերվա ընթացքում մահանում են Սառայի ամուսինը, որդին ու մի դուստրը: Երիտասարդ կինը մնում է մենակ` բարուրի երեխան ձեռքին:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am