Շատ լավ գիտեմ, որ Փաշինյանը փառասեր է և ենթադրում էի, որ իշխանության գալով այդ փառասիրությունը նրան կմղի Հայաստանի համար լավագույն լուծումներ գտնելու, ցավոք, սխալվեցի. Աղասի Ենոքյան. tert.am
Advertisement 1000 x 90

Շատ լավ գիտեմ, որ Փաշինյանը փառասեր է և ենթադրում էի, որ իշխանության գալով այդ փառասիրությունը նրան կմղի Հայաստանի համար լավագույն լուծումներ գտնելու, ցավոք, սխալվեցի. Աղասի Ենոքյան. tert.am

Նիկոլին գիտեմ շուրջ 25 տարի, որոշ ընթացք ընկերություն ենք արել, շատ լավ գիտեմ, որ նա փառասեր է, և ենթադրում էի, որ իշխանության գալով այս փառասիրությունը նրան կմղի Հայաստանի համար լավագույն լուծումներ փնտրելու և գտնելու, որ նա իշխանություն կձևավորի ազնիվ մարդկանցից և բարձրակարգ մասնագետներից, կստեղծի պայծառ ապագայի տեսլականը, ցավոք, սխալվեցի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանից սպասելիքների մասին հարցին։

– Պարոն Ենոքյան, Դուք Նիկոլ Փաշինյանի նշած հիասթափվածների՞ց եք։

-Այո։ 2 տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը ես շատ լուրջ ընդունեցի, համարեցի այն հեղափոխություն, համարեցի երկար պայքարի հանգուցալուծում, բայց շատ արագ հիասթափվեցի, տեսնելով, որ իշխանափոխության իմաստը իրենց բարդույթներին հագուրդ տալու և գանձագողության մեջ է։

-Իսկ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեիք, չէ որ Նիկոլ Փաշինյանին լավ եք ճանաչում։

-Ես Նիկոլին գիտեմ շուրջ 25 տարի, որոշ ընթացք ընկերություն ենք արել։ Շատ լավ գիտեմ, որ նա փառասեր է, և ենթադրում էի, որ իշխանության գալով այս փառասիրությունը նրան կմղի Հայաստանի համար լավագույն լուծումներ փնտրելու և գտնելու, որ նա իշխանություն կձևավորի ազնիվ մարդկանցից և բարձրակարգ մասնագետներից, կստեղծի պայծառ ապագայի տեսլականը, որով նրա անունը ոսկե տառերով կգրվի հայոց պատմության մեջ։

Ցավոք, սխալվեցի։ Գիտեի նաև նրա փողասիրության մասին, սակայն ենթադրում էի, որ բարձրագույն
պաշտոնում այս գիծը կստորադասվի փառասիրությանը։ Նաև, ես շուրջ 3 տարի է՝ բնակվում եմ ԱՄՆ-ում, լավ չէի պատկերացնում, թե ովքեր են կազմում Նիկոլի թիմը։

-Փորձե՞լ եք հետը հանդիպել, քննարկել Ձեր մտահոգությունները։

-Ճիշտ ասած, 2018 թ․ գարնան վերջին եկա Հայաստան՝ ունենալով մի քանի կարճաժամկետ ու երկարաժամկետ նախագծեր, որոնք ուզում էի քննարկել նրա հետ։ Հանդիպում չստացվեց, ասացին, որ շատ է զբաղված, ծրագրերը ներկայացրի նրա թիմակիցներին, կարճաժամկետ նախագծերն իրականցվեցին հնարավորինս աղավաղված, դրական բովանդակությունն ամբողջովին աղճատելով, բացասական էությամբ նենգափոխելով, իսկ երկարաժամկետ ծրագրեր, իհարկե, այս կառավարությունը չձեռնարկեց։

Ամեն դեպքում, սրբորեն պահել եմ կառավարությանը չքննադատելու 100 օրվա ավանդույթը, և տեսնելով, որ զարգացումները տանում են դեպի աղետալի լուծումներ, նոր միայն սկսեցի հանդես գալ քննադատական ելույթներով։

-Համացանցում մի տեսանյութ է պտտվում, որտեղ Դուք ճեղքում եք ոստիկանական պատնեշը Նիկոլ Փաշինյանին հանդիպելու համար, պաշտո՞ն եք խնդրել։

-Անհեթեթություն է, ես բնակվում Կալիֆոռնիայում և չեմ կարող Հայաստանում որևէ պաշտոն վարել։ Պարզապես, 4-5 տարի էր՝ Նիկոլին չէի տեսել, մոտեցա, որ ողջունեմ և որպիսությունը հարցնեմ, չեմ ընդունում, որ քաղաքական հարցերը խառնում են անձնականին։ Ես երբևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել և չեմ էլ երազել, երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ էլ երազել։

Այլ հարց է, որ Հայաստանում սկսեցի «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, քանի որ ակնհայտ էր դարձել, որ մամուլը դառնալու է ռեժիմի թիրախ, իսկ գործող մամուլի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները դարձել էին հեղափոխության բաժնետեր, և բնական էր կարծել, որ նրանք չեն կարող զբաղվել մամուլի պաշտպանությամբ։ Այստեղից հնարավոր է այդ աշխատանքները համակարգել, ավելին՝ այստեղ զբաղվում եմ «Մեդիա պաշտպանի» համար կարևորագույն գործով՝ ֆոնդեր հայհայթելով, ինչը Հայաստանում մշտապես գտնվելով չէի կարող անել։ Իհարկե, նաև շատ հաճախ և երկար ժամանակով եմ լինում Հայաստանում։

-Նիկոլ Փաշինյանը իր հայտնի տեսանյութում նշեց հիասթափվածների մի շարք կատեգորիաներ։ Հիմա Դուք դրանցից որի՞ մեջ եք։

-Նիկոլի դասակարգմամբ՝ հայության հիմնական հատվածը հիասթափված է։ Նրա կատեգորիզացիայից դուրս մնացին միայն իր կառավարության անդամներն և իր ֆեյքերը։ Ես հիմարություն եմ համարում այս դասդասումը։ Հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ քո վրա հույս են դրել, հավատացել են քեզ ու հիմա հիասթափվել են։ Իսկ եթե դու ասում ես, թե դա մարդկանց խնդիրն է, որ ինձ վրա հույս են դրել, ես անում եմ այն, ինչ անում եմ, ապա դա ամենամեծ դավաճանությունն է քո քաղաքացիների նկատմամբ։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլը, փորձում է ավելի ուժեղացնել իր իշխանությունը և բյուջեն թալանելու հնարավորությունները, և դրա համար կիրառում է բոլոր մեթոդները՝ անհամաձայնների վրա քրեական գործեր թխելը, հայհոյելը, դատական համակարգի ու մամուլի վրա հարձակումները, քաղաքացիների ազատությունները սահմանափակումները։ Ես այն կատեգորիայի մեջ եմ, ով լավ ճանաչելով Նիկոլին, շուտ հիասթափվեց, շուտ հասկացավ, որ նա դատարկախոսությամբ իր հռչակած նպատակների տրամագծորեն հակառակն է անում։



Նման նյութեր