Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան
Advertisement 1000 x 90

Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան

Ուկրաինայի հայերի միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ուկրաինական «SkyUp» ավիաընկերության հետ՝ ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Չարտերային թռիչքի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը»,- նշում են դեսպանությունից։

Ինքնաթիռում առկա է 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի, Հայաստան վերադառնալ ցանկացողները պետք է շտապ հաշվառվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է ն «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում):

«Թռիչքը կատարվելու է «Բորիսպոլ» օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»,- հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Այս թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։