Հայաստանի ջազի ասոցիացիան, որը 2019 թվականին Ջազի միջազգային օրը տոնեց Հայաստանի տաղանդավոր ջազ երաժիշտների և կուբացի հայտնի դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ համերգային ծրագրով, 2020-ին տոնը նշելու է վիրտուալ համերգով:
Ապրիլի 30-ին կայանալիք լայվ համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:
2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:
Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր… Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան: