Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու անդամները որոշում կայացրին՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոց 3/1 հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման համաձայն ՀԿ-ն ազատվում է 2017, 2018, 2019 թվականների 6 մլն 540 հազար 987 դրամի չափով գույքահարկի վճարումից։
Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ելույթի ժամանակ, նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա և չի մասնակցի տվյալ նախագծի քվեարկությանը։ «Այս հարցը սուբյեկտիվ է, իսկ ինձ համար կարող է կրկնակի սուբյեկտիվ լինել, քանի որ հանդիսանում եմ նույն դաշտում գործող մեկ այլ ՀԿ-ի՝ Ֆրանկոֆոն լրագրողների միության գլխավոր քարտուղար։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում մասնակցել այս քվեարկությանը, որպեսզի շահերի բախում չլինի»,- ասաց Աբգարյանը։ Որոշումն ընդունվեց 19 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։
Լիլիթ Դեմուրյան