ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Լիճք գյուղի մանկավարժի հետ կապված միջադեպը և դիմել է իրավապահ մարմիններին բռնության կոչի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Բռնության կոչերը համարում եմ անթույլատրելի: Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: Գիտեմ, որ մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել: Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական ստանանք բռնության կոչի և համապատասխան իրավական քայլեր ձեռնարկելու մասով»,-շեշտեց Անդրեասյանը:
Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ կարելի է մորթել ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին։
Անժելա Համբարձումյան