COVID-19. Չինաստանում վարակվածության ընդամենը 6 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Advertisement 1000 x 90

COVID-19. Չինաստանում վարակվածության ընդամենը 6 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 083 հազար 464: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 212 հազարը: Ապաքինվել է 934 հազար 150 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 010 հազար 507 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 56 հազար 803 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Գրանցվել է վարակի 2 հազարից ավելի նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 199 հազար 414 է: Վարակից մահացել է 26 հազար 977 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 842 հաստատված դեպք, մահացել է 23 հազար 293: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 158 հազար 758 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 126:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 157 հազար 149 հաստատված դեպք: Մահերը 21 հազար 092 են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 112 հազար 261-ի, մահացածներինը՝ 2 հազար 900-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 558, նոր դեպքերը՝ 6 հազար 411: Մահացության ցուցանիշը կազմում է 867: Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 92 հազար 584: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 877 մարդ:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 836 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 67 հազար 446 է, Կանադայում՝ 48 հազար 500, Բելգիայում 47 հազար 334 է, Նիդերլանդներում 38 հազար 416 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 511 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 921, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 380 է, մահացածներինը՝ 89:

Եգիպտոսում 4 հազար 782 հաստատված դեպք կա, մահացել է 337 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 440-ի, մահացածներինը՝ 23-ի: Իրաքում գրանցվել է 1,847 վարակվածության, 88 մահվան դեպքով: Լիբանանում կա 717 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Ավստրալիան բացում է լողափերը

Ավստրալիայի իշխանությունները որոշել են բացել լողափերը: Սահմանվել է կոնկրետ ժամանակահատված՝ 7-17:00: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Սիդնեյի ամենահայտնի ափերից մեկը՝ Բոնդի-բիչը, կրկին բացվել է սերֆինգի սիրահարների ու պարզապես լողալ ցանկացողների համար: Աշխատակիցներն իրականացնում են այցելուների հաշվարկ, որպեսզի կարողանան ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորություն: Արդեն այցելուներ են գրանցվել, նրանք ողջունում են լողափերը բացելու իշխանությունների որոշումը: Նրանք նկատել են, որ մարդիկ հետևում են սահմանափակումների կանոններին, իսկ անվտանգության աշխատակիցները վերահսկում են:

Ավստրալիան կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում զբաղեցնում է 43-րդ տեղը: Առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:

Երկրում ընդհանուր վարակվածների թիվը 6 հազար 725 է, որի 84-ը մահացել է:

Բելգիան մայիսի 4-ից փուլային տարբերակով կհանի մեկուսացման սահմանափակումները

Բելգիայում կորոնավիրուսի տարածման տեմպի շարունակական նվազման պայմաններում հնարավորություն է ստեղծվել անցում կատարել մեկուսացման պայմանների մեղմացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ճգնաժամային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Բենուա Ռեմակերը: «Մեր ունեցած թվերը ցույց են տալիս, որ նվազման միտում կա: Դա կարևոր է, քանի որ մենք այժմ կարող ենք աստիճանաբար անցում կատարել կիրառվող խիստ սահմանափակումների մեղմացմանը հաջորդ երկուշաբթիից»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ներկա միտումները պահպանելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին այս վիրուսը դեռ կպահպանվի, և հասարակությունը պետք է սովորի ապրել դրա հետ:

Ճգնաժամային շտաբի տվյալների համաձայն՝ Բելգիայում վերջին մեկ օրում գրանցվել է վարակվածության  647 նոր դեպք, մահացել է 134 մարդ: Այսպիսով, ընդհանուր վարակվածների թիվը երկրում ավելի քան  47 հազար է, մահերինը՝ 7 հազարից ավելի: Նկատվում է նաև հոսպիտալացվածների թվի նվազում:

Երկիրը մայիսի 4-ից պլանավորում է փուլային տարբերակով դուրս գալ մեկուսացումից:

Ավստրիայում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները հանվում են

Ավստրիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավման պայմաններում որոշում է կայացվել մայիսից հանել քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն 1 մետրի չափով: Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ մայիսի 1-ից թույլատրվելու է նաև մարդկանց հավաքվել, բայց թիվը պետք է չգերազանցի 10-ը: Որոշակի պայմաններ պահպանելու պարագայում կթույլատրվի անցկացնել նաև ցույցեր: Այդ պայմանները կգործեն մինչև հունիսի վերջը: Մայիսի 15-ից համապատասխան անվտանգության պայմաններ ապահովելու պարագայում կբացվեն ռեստորանները, իսկ մայիսի 29-ից նորից կսկսեն աշխատել հյուրանոցները: Այս մասին տեղեկացրել է տուրիզմի նախարար Էլիզաբեթ Կյոստինգերը:

ԱՄՆ-ի որոշ նահանգներ գնում են սահմանափակումների թուլացման

ԱՄՆ-ի նահանգներն աստիճանաբար նվազեցնում են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումները: Սպիտակ տունը դիտարկում է բիզնեսը, դպրոցները, եկեղեցիները վերաբացելու առաջարկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Մինեսոտա, Կոլորադո, Միսիսիպի, Մոնտանա նահանգները թույլատրել են որոշ ընկերությունների վերսկսել իրանց աշխատանքը: Ավելի վաղ սահմանափակումների մեղմացմանն էին գնացել Ջորջիան, Օկլահոման, Ալյասկան, Հարավային Կարոլինան: Այստեղ ձգտում են հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ վերադառնան իրենց աշխատանքին:

Ջորջիան, որն առաջիններից էր սահմանափակումների թուլացման առումով, թույլատրել է մարդկանց այցելել ռեստոաններ և կինոթատրոններ: Թեպետ ռեստորանների բացման առումով նահանգապետը քննադատության էր արժանացել:

Թրամփը չի բացառել Չինաստանից փոխհատուցում պահանջելու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեղադրելով Չինաստանին կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվոuթյունը թաքցնելու համար, չի բացառում վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս մասին նախագահ Թրամփը հայտնել է Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում: «Մենք գոհ չենք Չինաստանից: Մենք գոհ չենք այս ամբողջ իրավիճակից, քանի որ կարծում ենք՝ վարակը հնարավոր էր կանգնեցնել աղբյուրի վայրում և այսքան տարածում չէր ունենա»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում ԱՄՆ-ը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես ընդհանուր վարակակիրների, այնպես էլ մահերի թվով: ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 1 մլն-ից անցել է, մահացել է ավելի քան 56 հազար մարդ: Ամեն դեպքում նախագահ Թրամփը նահանգապետներին կոչ է արել վերաբացել տնտեսական գործունեությունը: Սպիտակ տունը դրան զուգահեռ նպատակ ունի զգալի ընդլայնել թեստավորման շրջանակը:

ԱՄՆ-ում վարակի գլխավոր կենտրոնը շարունակում է մնալ Նյու Յորքը: Նկատվում է հոսպիատալացվածների ու մահացածների թվի անկում, սակայն նահանգապետ Էնդրյու Կուոմոն հասկացրել է, որ մայիսի 15-ից հետո կարանտինի ժամկետը կերկարաձգվի նահանգի որոշ հատվածներում:

ԱՄՆ-ում աճում է գործազրկության մակարդակը

Կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտած սահմանափակումների ու արգելքի hետևանքով ԱՄՆ-ում կտրուկ աճել է գործազրկության մակարդակը, տնտեսությունը կրել է չափազանց մեծ կորուստներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինչպես նշել է տնտեսության հարցերով Սպիտակ տան խորհրդական Քևին Հասեթը, սա ԱՄՆ-ում երբևէ գրանցված բացասական ամենամեծ ցնցումն է: Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը կարող է իջնել «Մեծ ճգնաժամի» տարիների մակարդակին: Քևին Հասեթը հիշեցնում է, որ տնտեսական ու ֆինանսական անկման տարիներիին՝ 2008 թվականին, գործազրկությունն ԱՄՆ-ում կազմում էր մոտ 9 միլիոն: Այսօր արդեն այստեղ պաշտոնապես գրանցվել է 26 միլիոն գործազուրկ, ինչի պատճառով մի շարք նահանգների ղեկավարներ երկրի Կոնգրեսին կոչ են անում ֆինանսական հատկացումների ծրագրեր մշակել նահանգների համար:

Հանրապետական կոնգրեսականներից շատերն ու Սպիտակ տան տնտեսագետները նախազգուշացնում են, որ արդեն իսկ երկու տրիլիոն դոլար դուրս գրվելուց հետո նոր հատկացումներն ավելի կմեծացնեն դաշնային պարտքը: Տնտեսագետ Հասեթի խոսքով, ամեն մի քայլ հիմա հարկավոր է շատ զգույշ կատարել ու ընդունել մեծապես կշռադատված որոշումներ, առանց քաղաքական հիմքերի: Մյուս կարևորագույն հարցն այստեղ թեստավորումներն են, որոնք, ըստ փորձագետների, պետք է մեծ թափ առնեն՝ մինչեւ տնտեսության լիակատար աշխատանքների վերսկսումը:

Նահանգապետները, որոնք կանգնած են սահմանափակումները կրճատելու կամ անփոփոխ պահելու շատ մեծ երկընտրանքի առջեւ, փորձում են զգուշություն ցուցաբերել: Կոնգրեսականները ոչ միայն փորձում են գտնել առողջության ու տնտեսության միջև ոսկե միջինը, այլ նաև անցնելու են քաղաքական պայքարի նոր փուլով, երբ նախագահական ընտրություններին մնացել է միայն մի քանի ամիս:

Թաիլանդում երկարաձգել են արտակարգ դրությունը և պարետային ժամը

Թաիլանդի կառավարությունը որոշում է ընդունել մինչև մայիսի 31-ը երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թաիլանդի ԱԳՆ լրատվական ծառայությունը: Նշվում է, որ չնայած համաճարակային իրավիճակի բարելավմանը և վարակի նոր դեպքերի թվի կրճատմանը, երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել ամեն դեպքում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Այս որոշումը պայմանավորված է վարակի բռնկման երկրորդ ալիքից խուսափելու համար:

Շարունակելու են փակ մնալ ատևտրի կենտրոնները, սպորտային, մերսման սրահները, վարսավիրանոցները, հանրային սննդի կետերը: Պահպանվելու է միջքաղաքային, միջմարզային տեղաշարժի արգելքը: Երկրի սահմանները նույնպես փակ կմնան միջազգային ավիափոխադրումների համար:

Թաիլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 հազար 938: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք: Մահացության ընդհանուր ցուցանիշը 54 է:



Նման նյութեր