Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ մարզերում կստեղծվի 1000 աշխատատեղ
Advertisement 1000 x 90

Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ մարզերում կստեղծվի 1000 աշխատատեղ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառման շրջանակում մարզերում կստեղծվի ժամանակավոր 1000 աշխատատեղ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեք կազմակերպության միջոցով մարզերում ծառատունկ կիրականացվի, որը կլինի վճարովի աշխատանք և շուրջ 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի: Մենք մտածում ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի», – ասաց վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ սեզոնային աշխատանքի դեպքում համատեղելու հնարավորություն են տվել նպաստի համակարգում ներգրավվածներին: «Պետք է խրախուսեմ, որ քաղաքացիները դիմեն` առանց այդ մտավախությունն ունենալու: Եվ կազմակերպություններին էլ պետք է դիմեմ, որ ներգրավեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասաց նա:

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ, իսկ ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։