ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի ուղղություններ է նախանշել, որոնցում ռադիկալ փոփոխություններ են լինելու կորոնավիրուսի համավարակից հետո։ Նա նման կարծիք է հայտնել` Startup World–ի շրջանակներում` zoom–ի միջոցով պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու աշխարհը կորոնավիրուսից հետո։
«Նոր աշխարհում բոլորովին կարևոր չի լինելու, թե որտեղ է էժան աշխատուժը։ Մի շարք տեղերում աշխատուժը փոխարինվելու է մեխանիկական աշխատանքով կամ ռոբոտներով»,–ասել է նախագահը։
Նրա խոսքով` եթե աշխարհը դասեր առնի կորոնավիրուսից, ապա մեկ տարուց կտրուկ կավելանա էլեկտրոնային կապից ու սարքավորումներից օգտվողների թիվը։
Սարգսյանը նշել է, որ տարիներ անց մեծ գումարներ են ներդրվելու առողջապահության ոլորտում, և կարևոր է լինելու անհատի պաշտպանվածությունը։ Ինչ վերաբերում է շուկայական հարաբերություններին, ապա դրանք բավականին բարդ են լինելու։
Նախագահը շեշտել է, որ շատ կարևոր է սննդամթերքի անվտանգության հարցը։ «Հայաստանը չի կարող ապահովել սննդի ամբողջ պաշարը, սակայն պետք է ինքնաբավ լինենք։ Այսինքն` անհրաժեշտ է վերամշակել ավելացած սնունդը»,–ասել է նախագահը` հավելելով, որ անհրաժեշտ է նաև միջանցքներ ստեղծել` մթերքի ներմուծման և արտահանման համար։
Սարգսյանի խոսքով` Հայաստանը կարող է առևտրային հաբ դառնալ. Հայաստանն ու Արցախը մեծ պոտենցիալ ունեն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի մթերքների արտադրության համար։
Բանկային ոլորտում, ըստ նրա, նույնպես արմատական փոփոխություններ են լինելու` ծառայությունները դառնալու են ավելի էլեկտրոնային, հնարավոր է նաև վիրտուալ։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2066–ն է։ Այս ընթացքում արդեն իսկ ունեցել ենք վարակից մահվան 32 դեպք։