Ես Աննա Փորսուղյանն եմ, 29 տարեկան, Երևանից:
Մասնագիտություն
Լրագրող
Աշխատում եմ որպես
Թվային մարքեթինգի մասնագետ եմ, նաև հանդիսանում եմ Start Digital մարքեթինգային ընկերության համահիմնադիր:
Մի օր հասկացա…
Ավելի մեծ առավելություն, քան սեփական ժամանակդ ըստ քո հայեցողության տնօրինելն է, թերևս չկա: Ու հենց այդ ժամանակ էլ հիմնադրվեց մեր Start-ը:
Աշխատանք գտնելը
Դժվար չէ իրականում, եթե մարդն ունի ձգտում: Բայց այստեղ կարևոր է գտնել այն աշխատանքը, որը բացի նյութական կողմից, նաև քեզ կբավարարի որպես անհատի: Սկզբում բնականաբար փնտրում էի աշխատանք մասնագիտությամբ: Նոր էի ավարտել, սիրում էի իմ մասնագիտությունը: Աշխատեցի: Ու մինչ որոնում էի, փորձում ուժերս տարբեր լրատվամիջոցներում՝ մի պահ շեղվեցի: Աշխատանք առաջարկեցին մեծ ընկերությունում՝ որպես թվային մարքեթինգի կրտսեր մասնագետ: Ընդունեցի: Ոլորտն էլ այդ ժամանակ Հայաստանում դեռ նոր էր:
Իմ կյանքը փոխվեց
Երբ նոր աշխատավայրում առաջին ամսում որպես պարգևավճար աշխատավարձս բարձրացվեց: Հասկացա, որ կարողանում եմ արդարացնել ինձ վրա դրված հույսերը, ինչն ավելացրեց ինքնավստահությունս: Մեր կյանքն ինքն իրեն չի փոխվում դեպի լավը, բացի աշխատասիրությունից, շատ կարևոր է ճիշտ պահին կարողանալ հասկանալ, թե ովքեր են մեր կյանքում ճակատագրական մարդիկ, որոնք՝ բեկումնային իրավիճակներ: Միշտ պետք է ունենալ մեծ նպատակներ ու, սեփական ուժերի ճիշտ գնահատմամբ, քայլեր ձեռնարկել: Իրական ցանկության դեպքում բոլոր բարձունքները նվաճելի են:
Աշխատանք առանց ծանոթի
Կա: Լավ մասնագետի համար աշխատանք միշտ կա: Ու թերևս մեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ոչ թե բարեխոսում են մեզ համար, այլ մեզ առաջարկում են որպես լավ մասնագետի:
Աշխատանքում կարևոր է
Զարգանալը: Երբ մեզ հարմար է, մենք սկսում ենք ձանձրանալ: Երբ ոչինչ չի փոխվում մեր աշխատանքում, մեզնից են սկսում ձանձրանալ: Եթե Ձեր բախտը բերել է ու ոլորտը թույլ է տալիս, պարզապես միշտ ստեղծագործեք:
Ես սիրում եմ իմ աշխատանքը:
Աշխատանքս սիրում եմ: Անչափ: Սիրում եմ այն թիմը, որի հետ աշխատում եմ: Խորին համոզմունք ունեմ, որ երբ իսկապես սիրում ես քո աշխատանքը, միայն այդ դեպքում ես ցանկություն ունենում միշտ նոր բաներ անել, տեսնել, սովորել, կիսվել, զարմացնել: Աշխատանքն էլ մեր կյանքի կարևոր սերերից է:
Խորհուրդ
Դարձեք այնպիսի մասնագետ, ով կարողանում է կարծիք թելադրել: