Հովհաննես Ավետիսյան. «Պոպուլիզմ ի հակադրություն ինստիտուցիանալիզմի»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Պոպուլիզմ ի հակադրություն ինստիտուցիանալիզմի»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Նախ ասեմ, որ քաղաքացիների հոսանքի և գազի սպառումների դիմաց նոր փոխհատուցումներ կատարելու մասին որոշումը ընդամենը պոպուլիզմ է, և դա կապ չունի կորոնավիրուսի տնտեսական բացասական հետևանքները մեղմելու և/կամ քաղաքացիների սոցիալական խնդիրներին աջակցելու հետ: Դա ավելի շատ նման է այս ենթակառուցվածքները կառավարողներին աձջակցության` մասնավորապես նրանց կանխավճարներ տալու միջոցով:

Իսկ օրինակ ինչ կարելի էր անել, մանր-մունր պոպուլիստական այս ծրագրերի փոխարեն, որոնցից որ ապագայի համար նաև նոր հնարավորություններ կծագեին:
Սոցիալական աջակցությունների տրամադրման համատեքստում գլխավոր բանը, որ կարելի էր անել, դա եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն էր: Ավելի լավ ժամանակ, քան հիմա գոյություն չուներ/չունի: Ինչպես:

Պետությունը հայտարարում է, որ այն քաղաքացիները, որոնք կարծում են իրենք աջակցության կարիք ունեն կարող են դիմել պետությանը նման աջակցություն ստանալու համար: Սա իրականացվում է պարզագույն էլեկտրոնային հարթակով հայտ ուղարկելու միջոցով, որտեղ անձնական տվյալներից ու բնակության վայրից զատ ներկայացվում է անձի սոցիալական քարտի համարը (սրանով կարելի կլիներ անձի մասին լիքը տեղեկատվություն ճշտել): Հայտում նաև նշվում է աջակցության ակնկալվող եղանակը և կարճ հիմնավորումը. ընդ որում դա արվում է պատրաստի տարբերակների միջև ընտրություն կատարելու միջոցով, այլ ոչ գրելով: Օրինակ կանխիկ գումարի աջակցություն, կամ սնունդ գնելու աջակցություն, կամ կոմունալներ վճարելու աջակցություն, կամ վարկեր մարելու աջակցություն, կամ բժշկական ծախսեր և այլն:

Պետությունը գործիքի աջակցությունը ձևակերպում էր հետևյալ կերպ (թվերն ու մոտեցումը օրինակի համար են):
Եթե անձը դիմել է օրինակ սննդի աջակցության համար, ապա նրան տրամադրվում է ամսական ենթադրենք 50,000 դրամի տեղական արտադրության սնունդ գնելու կտրոն (օրինակ առ այսօր ԱՄՆ-ը, որպես չունեվոր խավին աջակցության ձև, կիրառում են սննդի կտրոնները): Սա կաջակցեր, և քաղաքացուն, և մեր տեղի արտադրողին և սա կլիներ հասցեական և նաև տնտեսությանը նպաստող:
Եթե անձը դիմել է կանխիկ գումարի աջակցության համար, ապա նրան ասվում է, օրինակ, կարող ես ստանալ 50,000-200,000 աջակցություն: Եթե 50,000-ից (կամ ավելի փոքր գումար) ավել ես ուզում, ապա պետք է լրացնես նպատակը, պետք է ներկայացնես երկամուտների հայտարարագիր նախորդ տարվա համար հիմա և հետագայում հաջորդ առնվազն երեք տարիների համար (մինչև որ օրենքի ուժով համակարգը պարտադիր կդառնար բոլորիս համար):
Սա իհարկե ենթադրում է, որ մենք արդեն պետք է ունենայինք էլեկտրոնային հայտարարագրման պարզագույն համակարգ: Որը ի դեպ, վստահություն ունեմ, որ տեղացի ընկերությունները կարողությոններ ունեն ընդամնեը 2-3 շաբաթում նման պարզ ծրագիր ստեղծելու: Այսինքն հիմա էլ սա հնարավոր է անել:

Շարունակեմ, միևնույն ժամանակ պետությունը այն անձանցից որոնցից հայտարարագիր է պահանջում, նշում է, որ 50,000-ը (կամ ավելի փոքր գումար, սա ինչպես նշեցի օրինակ է) գերազանցող գումարը, օրինակ երկու տարվա ընթացքում, կհաշվանցվի հայտարարագրով ներակայացվող եկամուտների վրա հաշվարկվող և պետությանը վճարվելիք հարկերի և այլ գումարների վրա: Օրինակ, 200,000 է տվել քաղաքացուն, երկու տարվա մեջ (քսան ամսվա մեջ) քաղաքացին այդ գումարը վերադարձնում է միասնական գանձապետական հաշիվ, որը հարկային պարտավորության պես մի բան է դառնում: Սակայն չի դառնում վարկ, տոկոսով և այլ լրացուցիչ բանկային վճարներով:
Միևնույն ժամանակ, այդ ընթացքում պետությունը անձի վերաբերյալ ամբողջական տվյալները վերլուծելով, եթե հասկանում է, որ օրինակ քաղաքացին սոցիալապես անապահով է, դրան գումարած էլ երեխա ունի, ապա զրոյացնում է պետության հանդեպ այս պարտավորությւոնը, բայց ոչ միանգամից, այլ ըստ մարման գրաֆիկի:
Իմ օրինակով ասեմ այս մասի հետ կապված: Ինձ մի պահ Հարվարդի համալսարանը աջակցություն էր տալիս, իրենցից վերցրած պարտքի գծով վճարումենր անելու համար, եթե մեկ տարվա մեջ ինձանից հետ չէին ուզում գումարը, ապա պայմանագրի համաձայն դա զրոյացվում էր: Իսկ հետ չէին ուզում, ելնելով իմ կողմից հայտարարագրված գումարների չափից, և որոշակի պայմանների կատարումից ելնելով, որի հավաստիությունը համակարգը մեծ ճշտությամբ կարողանում է ստուգել (սոցիալական քարտի միջոցով, օրինակ մեզ մոտ էլ բանկերում բոլոր գործարքները սրանցով վերահսկվում են):

Կարծում եմ, ընդհանուր կարողացա ներկայացնել թե ինչ համակարգի մասին է խոսքը: Իսկ ինչ կտար այս համակարգը:
Այս համակարգը վերջապես մեզ կօգներ փուլային տարբերակով` այս փուլում կամավորության հիման վրա պետությունից աջակցություն ստանալու դիմաց, ինքնահայտարարագրման համակարգ ներդնել: Քանի որ քաղաքացին շահագրգռված է ստանալ օգնություն, վստահ եմ նա կլրացներ հայտարարագիրը, թող որ սկզբում ցույց չտար իրական եկամուտները, սա այլ հարց է: Սրանով ինչ խնդիրներ կլուծեինք:

Վերջապես կլուծվեր եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ձգձգվող խնդիրը, որով կկարողանայինք ոչ միայն արդարացի հարկման համակարգ մշակել, այլ նաև պետության աջակցությունը հանրության տարբեր շերտերին, ներառյալ սոցիալական ծրագրերը (այսպես կոչված պետության եկամուտների վերաբաշխման գործառույթը,) կդառնային առավել արդյունավետ, նպատակային և թիրախային: Իսկ սա իր հերթին կբերեր այս ուղղությամբ պետության ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և նաև ստվերային տնտեսության հետզհետե էլ ավելի փոքրացման:

Այո, վարչապետի բառերով ասած, մենք ունենք ավերակներից ապագային միտված հնարավորություններ ստեղծելու առիթներ և հնարավորություններ: Սակայն, նույն վարչապետը և իր ղեկավարած պետական համակարգը, որ վաղուց ձախողված է, շարունակաբար խեղդում են նման հնարավորությունների ի հայտ գալը:
Վարչապետի դեպքում դա արվում է պարզ պոպուլիզմով, իսկ պետական համակարգի դեպքում` անտարբերության, անգործության և ապիկարության»:



Նման նյութեր