Ռեժիսոր Ռավիլ Վալեևը հայտարարել է, որ սկսում է վավերագրական ֆիլմ նկարահանել չելյաբինսկցի անասնաբույժ Կարեն Դալաքյանի և նրա փրկած Սիմբա անունով կորյունի մասին։ Տեղեկությունը նա հրատարակել է իր Instagram-ի էջում։
Ֆիլմն արդեն նկարահանման գործընթացում է և հասանելի կլինի տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին։
Կաթվածահար առյուծը հայտնաբերվել էր Մախաչկալայի արվարձանում։ Չելյաբինսկի վայրի կենդանիների «Փրկիր ինձ» ապաստարանի անասնաբույժ Կարեն Դալլաքյանին Սիմբայի մասին հայտնել են տեղի կամավորները:
Մինչև երեք ամսական դառնալը Սիմբան ֆոտոսեսիաների մասնակից էր Սոչիում։ Դրանից հետո առյուծիկին թողել են բախտի քմահաճույքին։ Սիմբային, որն արդեն չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գտել են ցախատանը։
Կարեն Դալլաքյանն անմիջապես գնացել է իր նոր պացիենտի հետևից, որին տեղափոխել է «Փրկիր ինձ» վայրի կենդանիների ու թռչունների ապաստարան և վերականգնողական կենտրոն։
Սիմբայի հետևի թաթերը կոտրված են եղել։ Կարեն Դալլաքյանի և նրա թիմի ջանքերի շնորհիվ Սիմբա կորյունը արդեն քայլում է, զբոսնում է ապաստարանի տարածքով, խաղում է իր խաղալիքներով։
Նշենք, որ Չելյաբինսկի աշխատանքային թաղամասում գտնվող «Փրկիր ինձ» ապաստարանը փրկօղակ է կենդանիների համար։ Դրա հիմնադիր, անասնաբույժ Կարեն Դալլաքյանը ոչ միայն բուժում է կենդանիներին, այլև խնամում, փրկում է նրանց կյանքը։ Կենդանիների հայ պաշտպանին ճանաչում է ամբողջ Սիբիրը։