Արյունը հեղուկացնող հայտնի միջոցը բարձրացնում է կորոնավիրուսով պացիենտների մահանալու ռիսկը
Advertisement 1000 x 90

Արյունը հեղուկացնող հայտնի միջոցը բարձրացնում է կորոնավիրուսով պացիենտների մահանալու ռիսկը

COVID-19-ով բազմաթիվ պացիենտների մոտ խախտվում է թոքերի աշխատանքը նաև թոքային զարկերակների մեջ թրոմբերի ձևավորման պատճառով: Այդպիսի պացիենտներին բուժելու համար հաճախ օգտագործվում է հեպարին՝ դեղամիջոց, որը հեղուկացնում է արյունը: Սակայն, ինչպես պարզվել է, այդ միջոցի օգտագործումը կարող է բարձրացնել մահացության ռիսկը կորոնավիրուսային վարակով հիվանդների մոտ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հեպարինի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունը և թրոմբոցիտային անբավարարությունը, որն այն առաջացնում է, կարող են հանկարծակի առաջանալ COVID-19-ով պացիենտի մոտ անգամ այն դեպքում, եթե նրանք նախկինում երբեք չեն ընդունել այդ դեղամիջոցը: Այդ փաստը բացատրում է այդպիսի հիվանդների շրջանում մահացության բարձր մակարդակը:

Համաձայն Ուհանի հիվանդանոցներում 2020 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին հավաքագրված տվյալների՝ հեպարինն իսկապես սպառնում է թրոմբոցիտային անբավարարությամբ: Բանն այն է, որ օրգանիզմն արտադրում է հեպարինի նկատմամբ հակամարմիններ, և դրանք հարձակվում են ոչ միայն հեպարինի, այլ նաև թրոմբոցիտների վրա, որոնք կապված են դրա հետ: Այդկերպ բազմաթիվ բջիջներ մահանում են, ձևավորվում են նոր թրոմբեր, իսկ հները չեն ներծծվում:

Այդօրինակ երևույթ կատարվում է բավականին հազվադեպ՝ պացիենտների շուրջ 1 տոկոսի մոտ, որոնք երկար ժամանահատվածում օգտագործում են հեպարին: Իսկ կորոնավիրուսով վարակվելու ֆոնին օրգանիզմն արձագանքում է հանկարծակի և հեպարին ընդունելուց անմիջապես հետո: Ըստ վիճակագրության՝ այդպիսի բարդություններ են նկատվում վարակի բարդ ձևով վերակենդանացման բաժնում գտնվող պացիենտների 40 տոկոսի շրջանում:

Ներկայում գիտնականները կոչ են անում հրաժարվել հեպարինից COVID-19-ի բուժման ընթացքում և ընտրել արյունը հեղուկացնող այլ դեղամիջոցներ:

med.news.am