Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Երևան քաղաքում և երկրում, որոշ վայրերում դեղինով գծանշումներ կան, ինչը նշանակում է մեքենա կայանելն արգելված է: Չնայած սրան մարդիկ կայանում են, և հազվադեպ է, որ դրա համար տուգանվում են:
Այս տրիվիալ թվացող երևույթը իրականում մարդկանց մեջ սերմանում է, իսկ արդեն առկա լինելու դեպքում, ավելի է ամրապնդում կարգերի և համակեցության կանոնների նկատմամբ անտարբերությունն ու արհամարհանքը: Ինչը իհարկե գիտենք, որ քաոս ծնող և սնուցող միջավայր է ստեղծում: Վիճակն ավելի է ահագնանում, երբ այսպես են վարվում նաև պետական համակարգի մաս կազմող` օրենքի կիրարկմանը հետևող կառույցներն ու անձինք:
Նման կերպ է նաև մյուս ոլորտներում, իսկ նշածս առավել ակնհայտն է, որ ամեն օր և ամեն տեղ (որտեղ կան այդ գծանշումները) կարող ենք տեսնել: Հեղափոխությունից հետո (իսկ փաստացի, նաև այս պատճառով կարելի է այլևս օգտագործել իշխանափոխություն բառը) այս ամենը ոչ միայն չկարգավորվեց, այլ ավելի սրվեց և խորացավ: Ամենաթողությունն ու օրենքի կիրարկման պարտադրման բացակայությունը դարձավ կենսակերպ:
Ինչու եմ այս ամենը հիմա գրում: Չնայած կորոնավիրուսի աճող դեպքերին և հետևաբար կարելի ասել վիճակի վատացմանը, արտակարգ դրության ավարտ են նախատեսում այս ամսվա չորսին: Ես դեմ չեմ, քանի որ միևնույն է նոր վիճակով պայմանավորված` ընդունված նոր կարգերն ու համակեցության պայմանները ոչ հետևում էինք, ոչ էլ լուրջ ընդունում:
Պատճառներ բազում կարող եք բերել, բայց գլխավորը կարծում եմ վերոնշյալ օրինակով բերված կիրարկման պարտադրանքի բացակայությունն է և այս առումով պետական մեքենայի չգոյությունը, որն ինքն է առաջին իսկ «պատեհ» առիթի դեպքում խախտում կամ անտեսում իր իսկ ընդունած կանոնները:
հ.գ.
Այս նկարը Հետքի կայքից է, 2017 թվականի: Խանջյան փողոցն է` որտեղ Ոստիկանության և ԱԱԾ շենքերն են: Նկարը արվել է իշխանափոխությունից առաջ: Այստեղ ինչպես և առաջ, նույն օրենքի կիրարկում պարտադրողների կողմից այսօր էլ տեսնում ենք, որ շարունակվում է կարգի և օրենքի նկատմամբ արհամարհանքը (այստեղ դեղին գծեր են, գումարած երկրորդ շարքում կայանելը)»: