Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝
- սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար,
- սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները: