Հայրենական մեծ պատերազմի փաստագրական կադրերով ԱՊՀ երկրների առաջատար լրատվամիջոցների կողմից ստեղծվել է ֆոտոկոմպոզիցիա՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին։ Նախագիծը, որը պատմում է ֆաշիզմի դեմ պայքարի մասին՝ առաջին օրվանից մինչև ավարտը, հետպատերազմյան վերականգնման շրջանի, վետերանների, ռազմաճակատի և թիկունքի հերոսների մասին, ներառում է 90-ից ավելի լուսանկար: Դրանք տրամադրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունները:
Հաղթողների հերոս սերնդին նվիրված ցուցադրությունը պատրաստվել է ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ. ինֆորմխորհրդի անդամ է «Արմենպրես» հայկական պետական լրատվական գործակալությունը։ Ֆոտոնախագիծը դժվար փորձությունների տարեգերություն է, որը բաժին է հասել խորհրդային ժողովրդին՝ կորստի դառնությամբ և հաղթանակի ուրախությամբ։
Համատեղ ֆոտոնախագծի համար «Արմենպրես»-ը ներկայացրել է գործակալության ֆոտոխրոնիկայի հիմնադիր, վաստակավոր լրագրող Սուրեն Խոսրոևի լուսանկարները։ Պատերազմի ընթացքում Սուրեն Խոսրոևը եղել է 61-րդ հրաձգային դիվիզիայի լուսանկարիչը։ Նա արձանագրել է ոչ միայն դիվիզիայի մարտական ուղին, այլև ամբողջացրել է զինվորական գեղանկարչական ունիկալ ալբոմ, որը գործակալությունը ծրագրում է այս տարվա ընթացքում ներկայացնել հանրության դատին, թե մուլտիմեդիա, թե տպագրական ձևաչափերով։
«Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում անուրանալի է։ Միայն Խորհրդային Հայաստանից գործող բանակ է զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր, իսկ մյուս միութենական հանրապետություններից՝ 200 հազար հայեր: Հակահիտլերյան դաշինքի երկրների բանակներում ու դիմադրության շարժումներում ծառայում էին 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ։ Շարքայինից մինչև մարշալ՝ նրանք իրենց ավանդը բերեցին ֆաշիզմի դեմ հաղթանակում, ինչին անմասն չեն մնացել արմենպրեսականները, թե ռազմաճակատներում, թե թիկունքում՝ քարոզչական ճակատում»,-նշել է գործակալության տնօրեն Արամ Անանյանը։
Ամբողջությամբ՝ armenpress.am