ՔԿ պետի տեղակալի պաշտոնը տրամպլին է Արգիշտի Քյարամյանի համար. hraparak.am
Advertisement 1000 x 90

ՔԿ պետի տեղակալի պաշտոնը տրամպլին է Արգիշտի Քյարամյանի համար. hraparak.am

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանը։ Արգիշտի Քյարամյանը միանգամից նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այսինքն՝ վարկածը, թե ՊՎԾ ղեկավարությունն ինչ որ պատճառով հայտնվել է վարչապետի թիրախում՝ արժանացել նրա զայրույթին, հերքվում է, քանի որ խախտում թույլ տված պաշտոնյային մի պատասխանատու պաշտոնից չեն ազատում, մեկ ուրիշ տեղ նշանակում։

Մենք տեղեկացանք, որ այսօր կամ վաղը Արգիշտի Քյարամյանը նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ։ ԱԱԾ ղեկավար կազմում աշխատելու հետ կապված օրենքը որոշակի պահանջներ ունի՝ անձը պետք է իրավապահ համակարգում համապատասխան աշխատանքի ստաժ ունենա։ Այս միջանկյալ պաշտոնն այդ ստաժն ապահովելուն է ուղղված։

Սակայն բանն այն է, որ ԱԱԾ-ում, որպես կանոն, դրսից կադրեր չեն նշանակվում, նշանակվելու դեպքում էլ՝ չեն ընդունվում անձնակազմի կողմից։ ԱԱԾ-ն սպեցիֆիկ կառույց է եւ այստեղ աճում են ներքեւից։ Իսկ 29-ամյա Արգիշտի Քյարամյանը նույնիսկ ՊՎԾ պետ նշանակվելու շրջանում հայտնվեց սկանդալային պատմությունների մեջ՝ Կոտայքի հոգեւոր թեմի առաջնորդի հետ ունեցած ազգակցական կապի, տպավորիչ ունեցվածքի եւ եկամուտների հետ կապված։ Մինչ նշանակումն էլ ՊՎԾ-ից լուրեր էին սպրդում մամուլ՝ նրա աշխատանքային ոչ այնքան փայլուն գործունեության մասին։ Եւ ՊՎԾ-ն այս ամիսներին էլ՝ նրա ղեկավարությամբ, աչքի չի ընկել բուռն գործունեությամբ, ուստի առնվազն տարօրինակ է նրան ավելի պատասխանատու ոլորտ տեղափոխելու որոշումը։

Նման մի նշանակում, հիշեցնենք, ժամանակին արեց Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանին միջանկյալ՝ մի քանի օրով նշանակեց գլխավոր դատախազի տեղակալ, ապա տարավ ԱԱԾ պետ եւ համակարգը նրան չընդունեց։ Փաստորեն, այս քայլերով եւս Նիկոլ Փաշինյանը սկսել է նմանվել Սերժ Սարգսյանին։

Մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ բոլոր ուժային կառույցներում՝ տեղակալների մակարդակով շուտով նոր նշանակումներ են արվելու։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ուժայիններում իր մարդկանց ներդնել, որ վերահսկեն ղեկավարներին, որոնք չեն արդարացնում իր հույսերը եւ բավարար հնազանդությամբ չեն կատարում իր հրահանգները։ Նոր նշանակումներն արվելու են բացառապես իրեն հավատարիմ մարդկանց, քայլածների շրջանակից։

hraparak.am



Նման նյութեր