
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհները։
«Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող` հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Ոստիկանությունը կոչ է անում համավարակի տարածման պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար ըմբռնումով մոտենալ որոշմանը։
Հիշեցնենք` այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակին նվիրված միջոցառումները Ռուսաստանում հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով։