
Պետական միջոցների հաշվին այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու է Սեւան -Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը, որը սկսվում է Երանոս համայնքի տարածքից եւ ավարտվում Ծակքար գետի կամրջի մոտ:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 796 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում:
«Ծրագրով նախատեսվում է 2 կամրջի ամրացում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, որից վերին շերտի մակերսը կկազմի 32 հազար 729 քառակուսի մետր: Փոսային նորոգումներ կկատարվի 1 350 քառակուսի մետր մակերեսով, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, որոշակի հատվածներում՝ մետաղական արգելապատնեշներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ասաց Արմեն Զոհրաբյանը: