Բաբաջանյանն իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները համարում է անբավարար
Advertisement 1000 x 90

Բաբաջանյանն իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները համարում է անբավարար

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գործող կառավարության աշխատանքի արդյունքում նկատում է ինչպես սկզբունքային հաջողություններ, այնպես էլ ձախողումներ՝ հատկապես իրավապահ համակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ քննարկմանը:

«Ամենատարբեր ոլորտներում կառավարությունն ունեցել է ինչպես էական սկզբունքային հաջողություններ և ձեռքբերումներ, այնպես էլ ձախողումներ: Միայն վերջին օրերի զարգացումները բավարար են, որ փաստվի՝ իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները անբավարար են, եթե չասենք՝ թերի, երբեմն փնթի աշխատանքի արդյունք: Տպավորություն է, որ մենք գործ ունենք Ոստիկանության և Ազգային անվտանգության մարմինների որոշ շրջանակների կողմից պետականության, պետության դեմ կազմակերպված դիմադրության կամ սաբոտաժի հետ»,-կարծիք հայտնեց Բաբաջանյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ամենամեծ ձախողումը ուժային առանցքային կառույցների՝ ոստիկանության և ԱԱԾ-ի երկու նշանակումներն էին (խմբ-նկատի ունի Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին): Նա նաև չհամաձայնեց այն մտքի հետ, թե Հայաստանում օլիգարխիան ջախջախված է:

Դիմելով վարչապետին՝ Բաբաջանյանն ասաց, թե հեղափոխության հռչակումներից բխած նախանշած նպատակադրումները կարող են ձախողվել երկու հիմնական պատճառներով, եթե վարչապետի ընտրած կադրերի կարողությունները չհամապատասխանեն առաջադրված նպատականերին և անհիմն բյուրոկրատիայի պատճառով փոշիանան:

Աննա Գրիգորան



Նման նյութեր