«Արաբկիր» ԲԿ-ի՝ կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող ամբողջ անձնակազմը թեստավորվել է, ոչ ոքի մոտ վիրուս չի հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

«Արաբկիր» ԲԿ-ի՝ կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող ամբողջ անձնակազմը թեստավորվել է, ոչ ոքի մոտ վիրուս չի հայտնաբերվել

COVID-19-ով վարակված երեխաների բարդացած, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններով զուգակցված դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը՝ Առողջապահության նախարարության ծրագրով:

Աշխատանքը կազմակերպելու համար համալիրը բաժանվել է երեք մասի.

  • Առաջինը COVID-վարակված պացիենտներին սպասարկող մասն է, որտեղ 1 ամիս անընդմեջ աշխատել են բուժաշխատողները` երկու հերթափոխով, իզոլացված պայմաններում:
  • Երկրորդ մասը COVID-կասկածելի եւ կոնտակտավոր պացիենտների ժամանակավոր մեկուսացման բաժանմունքն է, որտեղ իրականացվում է COVID-թեստավորում: Այս բաժնում նույնպես բուժաշխատողների մի մասը գտնվում էր մեկուսացված պայմաններում։
  • Երրորդ մասում բժշկական օգնություն են ստանում այն պացիենտները, որոնց COVID-թեստը տվել է բացասական պատասխան կամ  նրանք ի սկզբանե չեն համարվել COVID-կասկածելի:

Մտավախությունը, թե COVID-կասկածելի, կոնտակտավոր եւ հաստատված պացիենտների հետ աշխատողները վաղ թե ուշ վարակվում են կորոնավիրուսով, չի հաստատվել․ COVID-19-ը սպասարկող բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման եւ ստացել բացասական պատասխան:

«Իզոլացված թոքաբանական /COVID/» եւ «Ժամանակավոր մեկուսացման» բաժանմունքներում  աշխատանքը կազմակերպվել է հատուկ պաշտպանիչ համազգեստով եւ անհատական պաշտպանության մյուս միջոցներով: Նախքան այս բաժիններ աշխատանքի մտնելը բուժաշխատողները հատուկ դասընթաց են անցել. բժշկական համալիրի համաճարակաբանը նրանց սովորեցրել է աշխատանքի անվտանգության եւ կանխարգելիչ վարքագծի կանոնները:

COVID-19-ի նկատմամբ այս լոկալ հաղթանակը թույլ է տվել «Արաբկիր» ԲՀ-ին վերանայել աշխատանքի կազմակերպումը: Հատուկ բաժանմունքներում  հերթապահությամբ աշխատող բուժքույրերն ու  սանիտարներն այսուհետ կկարողանան դուրս գալ բաժանմունքից եւ գիշերել տանը, իսկ բժիշկները COVID-պացիենտների առավոտյան համայցից հետո կշարունակեն իրենց աշխատանքը բժշկական համալիրում՝ սովորական ռեժիմով:

med.news.am