Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Նարեկ Մակարյանը նորություն ունի: Երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է նրա «Արմատներ» երգի հիման վրա: Նարեկը տեսահոլովակի բեքսթեյջից լուսանկարներ է տրամադրել NEWS.am STYLE-ին ու պատմել իր այժմյան գործունեության եւ աձնականը գաղտնի պահելու որոշման մասին:
Երգչի «Արմատներ» երգը ստեղծվել է «Արմատներ» ֆիլմի համար, որի ռեժիսորն Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է:
«Ես զբաղվել եմ ֆիլմի երաժշտական ձեւավորմամբ: Երգի խոսքերի համահեղինակը Մեգգի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սերժ Գաբյանը, օպերատոր՝ Գեւորգ Ճուղուրյան, դուդուկահարը Գրիգոր Հարությունյանն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ստեղծել այս աշխատանքը»,-ասում է Նարեկը՝ հավելելով, որ տեսահոլովակի հերոսի պես ինքն էլ արդեն անչափ կարոտել է Հայաստանն ու Երեւանը:
«Արդեն երեք տարի է՝ ապրում եմ Լոս Անջելեսում ու շատ եմ կարոտում Հայաստանն ու Երեւանը: Ուր էլ, որ լինի, հայը հայրենիքը միշտ սրտում է պահում»:
Նարեկի խոսքով՝ հատկապես կարոտում է «պոնչիկանոցը, Օպերայի շրջակայնքն ու Հայաստանի հայերին»:
Վերադառնալով «Արմատներ» տեսահոլովակին՝ երգիչը նշեց, որ այն հարուստ է խորհրդանիշներով, որոնց մասին պատրաստվում է ավելի մանրամասն խոսել հետագայում.
«Տեսահոլովակն իմ աշխարհընկալումն է, այնտեղ ներկայացված խորհրդանիշներն էլ մի քանի բառով կդժվարանամ ներկայացնել. դրանք խորհրդանշում են մարդու կապը տիեզերքի հետ»:
Տեսահոլովակում Նարեկը ներկայացնում է նաեւ իր հեղինակային՝ OVA նախագիծը:
«OVA-ն նախագիծ է, որի հեղինակն ու պրոդյուսերը ես եմ: Այս նախագիծը դեռ շատ ասելիք ունի ու շատ անսպասելի փոփոխություններ կլինեն: Այն իմ նոր ստեղծագործությունն է: Դեռեւս չեմ ուզում ավելին բացահայտել, երբ ժամանակը գա, էլ ավելի երկար կխոսենք OVA-ի մասին»,-ասում է նա: