Նյու Յորքում հոսպիտալացված 15 երեխայի մոտ հազվադեպ հանդիպող հիվանդությունը հնարավոր է կապված լինի COVID-19-ի հետ
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում հոսպիտալացված 15 երեխայի մոտ հազվադեպ հանդիպող հիվանդությունը հնարավոր է կապված լինի COVID-19-ի հետ

Նյու Յորքում հոսպիտալացվել է 15 երեխա` 2-15 տարեկան, ովքեր ունեն հազվադեպ հանդիպող հիվանդության ախտանշաններ, և որը հնարավոր է կապված լինի կորոնավիրուսի հետ:

Ինչպես տեղեկացնում է CBS News-ը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ հիվանդությունն ունի Կավասակի հիվանդության առանձնահատկությունները: Այս ծանր հիվանդությունն առաջին անգամ նկատվել է Միացյալ Թագավորությունում COVID-19 ունեցող երեխաների մոտ:

«Մանկական բազմամակարդակ բորբոքային համախտանիշը, որը վերջերս արձանագրվել է Միացյալ Թագավորության իշխանության կողմից, նկատվում է նաև Նյու Յորքում և Միացյալ Նահանգների այլ վայրերում երեխաների, երիտասարդների և մեծահասակների շրջանում», – օրերս գործընկերներին ուղղված նամակում նշել է Նյու Յորքի առողջապահության վարչության հիվանդությունների վերահսկման բաժնի հանձնակատարի տեղակալ բժիշկ Դեմետրե Դասկալակիսը:

Ըստ Դասկալակիսի` ախտանշանները երեխաների մոտ տարբեր են` կախված նրանից, թե որ օրգան-համակարգի վրա է ազդում, բայց ընդգրկում է Կավասակի հիվանդության կամ ցնցումների առանձնահատկությունները: Բոլոր երեխաներն անընդհատ ջերմել են, կեսից ավելիի մոտ նկատվել է ցան, որովայնի ցավ, փսխում կամ փործություն, փոքր մասի մոտ դիտվել են շնչառական վարակներին հատուկ ախտանշաններ: Մասնագետը հավելել է, որ հիվանդության ամբողջ սպեկտորը դեռևս հայտնի չէ:

Կավասակի հիվանդությունն ասոցացվում է բարձր ջերմության, ցանի, նշիկների այտուցվածության հետ, իսկ ծանր դեպքերում էլ այն կարող է բորբոքել սրտի արյունատար անոթները:

Նյու Յորքի բնակիչ մանկաբույժ Դյան Հեսն անցած շաբաթ CBS News-ին հայտնել է, որ նա զարմացած չէ ԱՄՆ-ի այն զեկույցից, որը ցույց է տալիս COVID-19-ի և Կավասակիի միջև հնարավոր կապը: Ըստ Հեսի` երեխանի մոտ կարող է զարգանալ այդ հիվանդությունը ծանր մրսածությունից հետո, ինչը պայմանավորված է կորոնավիրուս ընտանիքի տարբեր տեսակներով:

Նա ավելացրել է, որ Կավասակի հիվանդությունը կարող է ի հայտ գալ շաբաթներ, ամիսներ անց ինչ-որ վիրուսի կամ բազմակի վիրուսային վարակներ ունենալուց հետո:

Ըստ Նյու Յորքի առողջապահության վարչության` Նյու Յորքում գրանցված դեպքերի ցանկում  ընդգրկվել են այն երեխաները, ովքեր հոսպիտալացվել են ապրիլի 17-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` Կավասակիի կամ շոկային առանձնահատկություններ ունեցող համատեղելի հիվանդություններով: Երեխաներից շատերը արյան ճնշման կարգավորման, իսկ հինգն էլ` արհեստական շնչառության կարիք ունեին:

Առողջապահության վարչությունից հայտնել են, որ նրանք, ովքեր մանկական վերակենդանացման բաժանմունքում են գտնվել, սրտի աշխատանքի և/կամ շնչառության կարգավորման կարիք են ունեցել: Երեխաներից ոչ ոք չի մահացել:

15 երեխայից 4-ն ունեցել են կորոնավիրուսային հիվանդության դրական թեստի արդյունք: Տասը թեստի արդյունք բացասական է եղել, իսկ մեկը` սկզբում անորոշ, ապա՝ բացասական: Սակայն բացասական արդյունք ունեցողներից վեցի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, ինչը ցույց է տալիս, որ նրանք ավելի վաղ են վարակ ունեցել:

Անկախ կորոնավիրուսային թեստի արդյունքից` առողջապահության վարչությունը բժիշկներին հորդորել է 21 տարեկանից ցածր և Կավասակի հիվանդության նման ախտանշաններ ունեցող պացիենտների կասկածելի դեպքերի մասին անհապաղ հաղորդել վարչությանը:

Բժիշկներին նաև հանձնարարվել է նման պացիենտներին անմիջապես ուղղորդել մանկական ինֆեկցիոնիստների և ռևմատոլոգների մոտ:

Ըստ առողջապահության վարչության` մինչև այժմ միայն ծանր դեպքերն են բացահայտվել: Դասկալակիսը գրել է. «Կավասակի հիվանդություն ունեցող պացիենտների վաղ ախտորոշումը և լիարժեք կամ մասնակի բուժումը կարևոր է թիրախային օրգանների վնասի, ինչպես նաև երկարաժամկետ այլ բարդությունների կանխարգելման առումով»:

med.news.am



Նման նյութեր