«list.am»-ով աշխատանք փնտրելիս՝ ընկել էր խարդախ «սեքսուալի» ծուղակն ու շորթման զոհ դարձել. pastinfo.am
Advertisement 1000 x 90

«list.am»-ով աշխատանք փնտրելիս՝ ընկել էր խարդախ «սեքսուալի» ծուղակն ու շորթման զոհ դարձել. pastinfo.am

Այսօր, երբ մեր քաղաքացիների մի զգալի հատված զբաղվածության խնդիր ունի, երբ մարդիկ աշխատանքի որոնումների մեջ են,  հաճախ տարբերություն չեն դնում, թե համացանցում ինչ կայք է իրենց աշխատանք առաջարկում, տվյալ առաջարկը անձի կողմից է, թե՞՝ կազմակերպության, որնունի հստակ հասցե, պետական գրանցում և այլն: Արդյունքում, մարդիկ խարդախների թակարդում են հայտնվում՝ արդեն ոչ թե աշխատանք գտնելու, այլ՝ խարդախի ցանցից մի կերպ դուրս գալու համար էլ՝  դիմում իրավապահների օգնությանը:

Մեր ձեռքի տակ է մի դատավճիռ, որը կայացվել է 2019 թվականին՝ ՀՀ քաղաքացի Մ.Վ-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանքի կիրառմամբ, որը փոխարինվել է գրավով: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով հանցագործություն, այն է՝  խոշոր չափի խարդախություն և շորթում կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել: Լիովին մեղավոր:

Գործի դատավարական նախապատմությունը

Մեր հերոսը իր լեգենդն է հորինել՝  list.am»-ում ներկայանալով որպես գործարար, որը տնօրենի օգնականի թափուր հաստիք ունի և աշխատող է փնտրում:

Ընդ որում, ուշագրավ  հանգամանք, քանի որ աշխատանքը  բարձր վարձատրվող է, ուստի պահանջներն էլ բարձր են: Դրանք, իհարկե աշխատանքի տեղավորման գործակալությունների պահանջներից տարբեր են, քանի որ Մ.Վ-ի նպատակն այլ էր՝ նա ցանկանում էր  համացանցով ծանոթություն հաստատել վճարունակ կանանց հետ, որոնք գրավիչ ու  կեղծ առաջարկների վերաբերյալ խոստումներին հեշտությամբ հավատացող էին և խաբեությամբ գումարներ հափշտակելու համար պոտենցիալ օբյեկտ կարող էին հանդիսանալ:

Միաժամանակ, ընդունված կանոնի համաձայն՝  «list.am»-ում տեղադրված՝  տնօրենի օգնականի թափուր տեղի վերաբերյալ հայտարարությամբ՝  հավակնորդներից Մ.Վ-ն  պահանջում է իր էլ.փոստին ուղարկել  համապատասխան ռեզյումե:

Աշխատանք փնտրող կանայք շատ են, և ահա նրանցից մեկն արձագանքում է: Երևանի բնակչուհի Ս.Պ-ն՝  աշխատանք փնտրելու նպատակով, ծանոթանալով հիշյալ հայտարարությանը, նշված Էլեկտրոնային հասցեին է ուղարկել իր անձնական տվյալներն ու լուսանկարը:

«Գործատուի» հարցազրույցը՝ հյուրանոցի համարում  կայացավ           

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ներկայանալով կեղծ անվամբ, ամբաստանյալը էլեկտրոնային նամակագրության միջոցով, հարցազրույցի պատրվակով Ս.Պ.ին հրավիրել է հանդիպման: Վերջինիս հետ Մաշտոցի պողոտայում հանդիպելուց հետո, համոզվելով, որ հեշտությամբ կարող Է մոլորեցնել նրան, հետագայում իրենից կախվածության մեջ գցելու և մտացածին պատրվակներով պարբերաբար գումար հափշտակելու նպատակն իրագործելու ստոր դրդումներով, առանձնանալու և աշխատանքի ընդունելու պայմանների շուրջ զրուցելու պատճառաբանությամբ, նա աշխատանք որոնող   կնոջը  տարել է երևանյան մի  հյուրանոց, որտեղ վստահություն ներշնչելու համար ներկայանալով որպես խոշոր բիզնեսով զբաղվող  գործարար և խոստանալով, որ իր բացակայության ժամանակ Ս.Պ-ին կվստահի բիզնեսի կառավարումն ու կհոգա նրա ընտանիքի անդամների կարիքները, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:

Հետագայում փոխվել է պահանջմունքի տեսակը՝ սեռական հարաբերությանը փոխարինել է գումարը։ Աշխատանքի ընդունելու համար  կեղծ գործարարը պարբերաբար կնոջից  պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:  Իսկ վերջինս, գտնվելով մոլորության մեջ և վստահելով նրան, նախ՝  600.000 ՀՀ դրամի սպառողական վարկ է վերցնում բանկից և  առանց կասկածի՝  իր անվամբ տրված բանկային քարտը նույն օրը հանձնում նրան: Ապա՝ նաև  վարկային կազմակերպության գրասենյակից է ստանում  80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հանձնում «տարօրինակ գործատուին»: Վերջինս  վերը նշվածից զատ պահանջում և և մաս-մաս խաբեությամբ ստանում է ևս 100.000 ՀՀ դրամ,  արդյունքում ընդհանուր առմամբ խաբեությամբ Ս.Պ-ից  հափշտակելով 780.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի պահանջ՝  նախորդ  հանդիպումների ինտիմ լուսանկարները հանրայնացնելու սպառնալիքով

Աշխատանք որոնող իր «զոհից» արդեն բավականին գումար կորզած այս «արտասահմանցի գործարարը»  քայլ առ քայլ է առաջ գնում՝ այս անգամ էլ իր ցանցն ընկած կնոջը ներկայացվող  գումարային պահանջը զուգակցելով  շանտաժի հետ, թե՝ իբր տիրապետում է արատավորող տեղեկությունների, լուսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը, և դրանք կհրապարակի, եթե  իր ուզած 400 հազար դրամ  գումարը չստանա:

Սակայն, այս անգամ Ս.Պ-ի համբերությունն արդեն սպառված է լինում, աչքերը բացված և նա, ըստ երևույթին, հասկանալով, որ  հայտնվել է խարդախ-խաբեբայի ճիրաններում, հենց նույն օրը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:

Հանցագործը վնասազերծվում է «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում

Աշխատանք փնտրող կինը,  հաշվի առնելով խաբեբա «գործատուի» հետ  ունեցած վերջին խոսակցությունը, թե՝  գումարն ուշացնելու դեպքում դրա չափը կավելանա,  պահանջված գումարի չափն իր նախաձեռնությամբ նշել է 600.000 ՀՀ դրամ, որը  «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում փոխանցել է նրան։ Վերջինս՝ գումարն ստանալուն պես նշված վայրում տեղակայված «Իզի փեյ» վճարային տերմինալի միջոցով, որոշակի  դրամ է  մուտքագրել է իր հեռախոսահամարի հաշվեկշռին, ապա՝ վնասազերծվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ինչպես ասում են՝ գողը՝ սեփական ոտքով է գնում ընկնում թակարդը:

Դատարանի իրավական վերլուծությունը

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, դրանք համադրելով իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված, ապացույցների ձեռք բերման աղբյուրներն ստուգելու միջոցով, գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ինչպես նաև ներքին համոզմամբ, դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալի կատարած արարքները, գտնելով,  որ նախաքննական մարմնի կողմից արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ որակումներ և դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և նշված հոդվածներով պետք է ենթարկվի պատասխանատվության:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի առնելով  կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն,  որ ամբաստանյալը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, երիտասարդ է, նոր է ընտանիք կազմել, զղջացել է կատարած արարքի համար, վերականգնել է տուժողին պատճառված գույքային վնասը և տուժողը որևէ բողոք կամ գույքային պահանջ չունի, ի հավելումն,  որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ ամբաստանյալը  տուժողին պատճառված գույքային վնասը կամովին և ամբողջությամբ հատուցել է,  դատարանը վճռեց ամբաստանյալ Մ.Վ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքներում՝ դատապարտելով նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի 800.000 /ութհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով դատապարտել տուգանքիª նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3–րդ մասի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա  նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարչորսհարյուրապատիկի՝ 1.400.000 /մեկ միլիոն չորսհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

…Այսօրինակ անհաջող, տհաճ պատմությունների մեջ չհայտնվելու, դրանցից ուղղակի   խուսափելու համար աշխատանք որոնողներին օգտակար խորհուրդ՝ զերծ մնացեք «list.am»-ով աշխատանք որոնելուց, կան բազմաթիվ հայտնի  կայքեր, որոնք  իրականացնում են հենց  այդ գործառույթը և որոնցից օգտնող մեր քաղաքացիները և գործատուները  կարծես գոհ են գրանցում են հաջողության պատմություններ:

pastinfo.am