75 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Հաղթանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաղթանակը ձեռք է բերվել մարդկային հսկայական տառապանքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ: Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ այդ հաղթանակի կերտման և որպես հետևանք՝ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կես միլիոն հայ մասնակցեց պատերազմին»,–իր ուղերձում ասել է վարչապետը։
«Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն և հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության և արժանապատվության համար»,–ասել է Փաշինյանը: