ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում բեռնատար ավիացիա ունենալու հարցը
Advertisement 1000 x 90

ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում բեռնատար ավիացիա ունենալու հարցը

ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում բեռնատար ավիացիա ունենալու, դրա շահավետ ու մրցունակ լինելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո։ Որքանո՞վ է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը։ Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- գրել է Փաշինյանը։

Գյուղմթերքը՝ միրգ, բանջարեղեն, կանաչիներ, ծաղիկներ, նախկինում արտահանվել է  մարդատար ինքնաթիռով, սակայն մարտի 19-ից թռիչքները դադարեցվել են։ Ապրիլի 24-ին առաջին անգամ Հայաստանից իրականացվել է 23 տ գյուղմթերքի արտահանում՝ բեռնատար ինքնաթիռով, որը վարձակալել էր արտահանող մի ընկերություն։

Արդեն 2 անգամ իրականացվել է հատուկ թռիչք և թերմոարկղերով Հայաստանից դեպի Մոսկվա է արտահանվել նաև 800 կգ  օրգանական մշակում անցած ծնեբեկ։

Ելնելով սեզոնայնությունից, երբ շուկայում գյուղմթերքի գինը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, բեռնատար ինքնաթիռներով տեղափոխելը ֆերմերների համար եկամտաբերություն է ապահովում։

Մի քանի օրից ևս մեկ ինքնաթիռ հայկական բերքն ու բարիքը ռուսական շուկա կարտահանի։

Լիլիթ Դեմուրյան