Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինս շեշտեց, որ մարզումները սկսվել են և պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացվում են Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:
Սերոբյանի խոսքով` առաջիկայում ոչ մի մրցաշար չի պլանավորվում, և գարնան համար նախատեսված բոլոր գավաթային խաղարկությունները կկայանան աշնանը: «Կարծում եմ, առաջին մրցաշարը, որին կմասնակցենք, կլինի օգոստոսին Բաթումում կայանալիք միջազգայինը»,-ասաց նա:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մոտ երկու ամիս հավաքական թիմերը չէին մարզվում: Չեղարկվեցին մի շարք միջազգային մրցաշարարեր` այդ թվում նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը