Եռակի հակավիրուսային թերապիան կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի բուժման ժամանակ
Advertisement 1000 x 90

Եռակի հակավիրուսային թերապիան կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի բուժման ժամանակ

Եռակի հակավիրուսային թերապիան կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի բուժման ժամանակ: Թերապիան ներառում է հակավիրուսային միջոցների համադրություն՝ ինտերֆերոն բետա-1b, լոպինավիր/ռիտոնավիր եւ ռիբավիրին: Այդ թերապիայի կիրառման մասին գիտնականների զեկույցը հրապարակվել է The Lancet ամսագրում:

Եռակի հակավիրուսային թերապիայի գործողությունը ստուգվել է կլինիկական հետազոտության ընթացքում: Սակայն այդ բուժման արդյունավետության մասին կարելի է խոսել միայն խոշոր հետազոտությունից հետո:

Հետազոտության մասնակիցներին բաժանել են 2 խմբի: Կորոնավիրուսի ստանդարտ բուժման ֆոնին առաջին խմբի մասնակիցները ստացել են եռակի թերապիա, երկրորդ խումբը՝ միայն լոպինավիր/ռիտոնավիր 14 օրվա ընթացքում:

Առաջին խմբի պացիենտների մոտ կորոնավիրուսի թեստերը դրական են եղել 7 օրվա ընթացքում: Իսկ երկրորդ խմբի պացիենտների մոտ դրական են եղել 12 օրվա ընթացքում:

Այդ հետազոտության մեջ եռակի թերապիայի արդյունավետությունը նկատելի է եղել այն պացիենտների մոտ, որոնք բուժումը սկսել են հիվանդության առաջին 7 օրվա ընթացքում: Իսկ նրանց մոտ, ովքեր ուշ են սկսել դեղամիջոցներ ստանալ, էական լավացում չի եղել:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ եռակի համադրության կիրառումը կարող է նվազեցնել պացիենտների օրգանիզմում վիրուսների քանակը, թեթեւացնել ախտանիշները»,-ասել է հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Կուոկ-Յունգ Յուենը:

news.am