COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 1.5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Advertisement 1000 x 90

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 1.5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 210 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 284 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 505 հազար 866 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 368 հազար 021 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 789 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանը, որտեղ մեկ օրում գրանցվել է 11 հազարից ավելի նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 221 հազար 344: Վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 2,009 մարդ: Ռուսաստանին հաջորդում է Մեծ Բրիտանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 163 հազար 427, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 168: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 109 հազար 286 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 685 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 23 հազար 623 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198:

Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 9 հազար 286-ի, մահացածներինը՝ 65-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով: Լիբանանում կա 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Հազվագյուտ տեսակի ծովային կրիաները վերադարձել են Հնդկաստանի արևելյան ափեր

Հնդկաստանի լողափերն աչքի են ընկել կրիաների քանակով: Մասնագետները նշում են, որ հազվագյուտ տեսակի ծովային կրիաները վերադարձել են Հնդկաստանի արևելյան լողափեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ նախորդ տարի այդ տարածքում այս կրիաները ընդհանպաես չեն եղել: Այս գարնանը մասնագետները միայն ոչ մեծ լողափին հաշվել են 100 կրիայի, որոնք ընտրել են Օդիշա նահանգի ափերը ձվադրման համար:

Մասնագետները նշում են, որ կրիաների վերադարձի հարցում իր ազդեցությունն ունի կորոնավիրուսը: Լողափերը դատարկ են, և ոչ ոք չի խանգարում նրանց վերադարձին: Նշվում է, որ վերջին անգամ նման քանակի կրիաներ այդ տարածքներում նկատվել է 7 տարի առաջ: Ստեղծած իրավիճակից օգտվելով կրիները ձվադրում են նաև ցերեկվա ժամերին: Այս գարնանը Օդիշի ափին ձվադրման արդյունքում առնվազն 70 հազար ծովային կրիա կլինի:

Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայում կարանտինի ժամկետը երկարաձգելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կարանտինի ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle» -ն տեղեկացնում է, որ կլինեն փոքր բացառություններ:

«Հիմա սահմանափակումները հանելու ժամանակը չէ»,-ասել է Բորիս Ջոնսոնը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը հնարավոր է եղել դանդաղեցնել, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշել է մայիսի 13-ից աննշան մեղմացնել սահմանափակումները:

«Մենք մարդկանց կթույլատրենք դրսում սպորտով զբաղվել, դուք կարող եք արևայրուք ընդունել, սեփական ավտոմեքենաներով այլ տեղ գնալ»,-ասել է վարչապետը:

Նշվում է, որ թույլատրվում են ուղևորությունները երկրի ներսում, քաղաքացիները կարող են գնալ ազգային պարկեր կամ ափեր: Միևնույն ժամանակ շրունակելու է մնալ ոչ ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը:

Երկրում սահմանափակումների մեղմացման հաջորդ փուլը սպասվում է հունիսին: Այդ ժամանակ հնարավոր է բացվեն խանութները, դպրոցները:

Պուտինը հանձնարարել է մինչև հունիսի 1-ը ներկայացնել տնտեսության վերականգնման ծրագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև հունիսի 1-ը ներկայացնել տնտեսության վերականգնման գործողությունների ծրագիր՝ համատեղ մշակված ռեգիոնալ իշխանությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ համապատասխան որոշումը մայիսի 11-ին տեղադրվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել բարձրագույն գործադիր մարմինների ղեկավարների և ձեռներեցների միությունների հետ համատեղ մշակել գործողությունների ծրագիր, որը կապահովի բնակչության զբաղվածության և եկամուտների վերականգնում, տնտեսության աճ, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով փոփոխություններ տնտեսությունում: Ժամկետը 2020 թվականի հունիսի 1-ն է»,-ասված է փաստաթղթում:

Ապրիլի 28-ին նախագահ Պուտինը հայտարարել էր ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 11-ը ներառյալ երկարաձգելու մասին: Նա այդ ժամանակ անհրաժեշտություն էր համարել բնականոն կյանքին վերադառնալուն նախապատրաստվելը: Հանձնարարել էր նախապատրաստել առաջարկություններ մայիսի 12-ից փուլային տարբերակով սահմանափակումները հանելու մասին:

Նոր Զելանդիան գնում է սահմանափակումների էական մեղմացման

Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրում կորոնավիրուսի տարածումը կանխող սահմանափակումներն էականորեն մեղմացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

Նշվում է, որ մայիսի 14-ից երկրում կվերսկսեն աշխատel ձեռնարկությունները, առևտրի կենտրոնները, կինոթատրոնները, սրճարաններն ու մարզական սրահները: Իշխանությունները կարծում են, որ այս սահմանափակումները չեն հանգեցնի վարակի նոր բռնկումների:

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է շուրջ 1 500, մահացել է 21 մարդ: Վերջին մեկ օրում վարակվածության 3 նոր դեպքեր են գրանցվել:

Շանհայում «Դիսնեյլենդ»-ը վերսկսել է իր աշխատանքը

Շանհայում գտնվող «Դիսնեյլենդ» ժամանցի զբոսայգին մայիսի 11-ին բացել է իր դռները այցելուների առաջ: Այն, կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված, փակ էր հունվարի 25-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նախնական փուլում «Դիսնեյլենդ» կթողնեն այն մարդկանց, ովքեր նախապես ամրագրումներ կատարած կլինեն կոնկրետ ժամանակով: Զբոսայգին առայժմ սահամանփակ թվով այցելուներ է ընդունելու, մուտքի մոտ այցելուները կջերմաչափվեն, կներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Դրանից բացի, զբոսայգի եկողները պետք է իրենց հեռախոսներում ունենան հատուկ հավելվածներ, որոնց միջոցով վերահսկվում են անձի առողջությունը և շփումների ընթացքը: Զբոսայգի այցելելու պարտադիր պահանջներից է սոցիալական հեռավորությունը պահպանելը:

Մինչ կորոնավիրուսը զբոսայգին մեկ օրում ընդունում էր 80 հազար այցելու:

Մոլդովան ավիաթռիչքների սահմանափակումները կհանի մայիսի 15-ից հետո

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մայիսի 15-ից հետո իշխանությունները կսկեն փուլային տարբերակով հանել ավիաթռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մայիսի 15-ին մեզ մոտ ավարտվում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, ամենայն հավանականությամբ, մենք այն չենք երկարացնի: Աստիճանաբար հանվել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես, արդեն գրեթե ամեն տեղ բացվել են շուկաները: Մայիսի 15-ից հետո մենք կսկսենք հանել ավիաթռիչքների սահմանափակումները, բայց դա կկատարվի այն երկրների ուղղությամբ, որտեղ նույնպես հանված են նման սահմանափակումները»,- հայտարարել է Դոդոնը:

Մոլդովայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 հազար 927, որից 169-ն ունեցել է մահացու ելք: Խորհրդարանը մարտի 17-ին մտցրել է արտակարգ դրության ռեժիմ 60 օրով, որը լրանում է մայիսի 15-ին: Մոլդովան դադարեցրել է ավիահաղորդակցությունները բոլոր երկրների հետ, փակվել են նաև ցամաքային սահմանները: Երկրում արգելված են զանգվածային միջոցառումները:

Նիդեռլանդներում սահմանափակումների մեղմացման շրջանակում դպրոցները վերաբացվում են

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նիդեռլանդներում մտցված սահմանափակումների նշանակալի մեղմացումն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կվերաբացվեն տարրական դասարանի դպրոցները և մանկապարտեզները, գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, գրադարանները:

Նշվում է նաև, որ թույլատրվում է սկսել պարապմունքներն այն մարզաձևերի գծով, որտեղ մարզիկների միջև սերտ շփումներ չկան, օրինակ, գոլֆը, թենիսը:

Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները

Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ բացվում են բոլոր խանութները՝ բացի հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերից:

«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինարարական նյութերի արտադրության մասին էր, ապա մենք բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Դրանից բացի, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 638 մարդ, վարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10:



Նման նյութեր