Կոթիից Մեծ հայրենականի մասնակից Շահվալադ Շահնազարյանի ու մոնղոլական Ուլան Բատորից Կլարա Ֆիլյուշկինայի սիրո պատմությունը կարող է դառնալ հոլիվուդյան ֆիլմի սյուժե։ Մեծ հայրենականի հոբելյանի կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է նրանց սիրո զարմանալի պատմությունը։
Շահվալադ Շահնազարյանը ծնվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում, անցել է պատերազմի բովով, կռվել է Ստալինգրադում, մեդալներ ու շքանշաններ է ստացել։ Սակայն երկար չի ապրել։ Շահնազարյանը մահացել է 28 տարեկանում։ Ծնողները ենթադրում են՝ մահը վրա է հասել կա՛մ ներքին արյունահոսությունից, կա՛մ պատերազմի ժամանակ ստացած վիրավորումներից։
Շահվալադ Շահնազարյանի նամակը
Բայց ամեն ինչի մասին հերթով։ Sputnik Արմենիային Շահնազարյանի սիրո պատմությունը պատմել է նրա հարազատ եղբոր թոռնուհին՝ Հասմիկ Հախվերդյանը։
Նա գտել և ուսումնասիրել է պապի եղբոր նամակները, նրա կենսագրությունը։ Հախվերդյանը նշում է, որ փաստաթղթերից շատերն այրվել կամ անհետացել են նաև 90-ականների սկզբին։
Հանդիպումը Կլարայի հետ
Շահնազարյանը 20 տարեկան էր, երբ 1940 թվականին զորակոչվեց Կարմիր բանակ։ Այդ տարիքում նա արդեն ավարտել էր Կիրովականի մանկավարժական համալսարանը, կատարյալ տիրապետում էր ռուսերենին ու դասավանդում էր գյուղական երկու դպրոցներում։
Շահվալադ Շահնազարյանի նամակը
Հանգամանքների բերումով Շահվալադը հայտնվել էր մոնղոլական Ուլան Բատար քաղաքում 8-րդ մոտոհրաձգային գնդում՝ որպես կուրսանտ։ Նույն տարում նա հանդիպել էր իր մեծ սիրուն՝ ապագա կնոջը՝ Կլարա Ֆիլյուշկինային։
«Ինքնակենսագրությունից հասկանում ենք, որ դա սեր էր առաջին հայացքից»,- պարզաբանում է Հախվերդյանը։
Նա ասում է, որ Շահվալադն ու Կլարան շուտով պսակվեցին ու հավերժական սիրո երդում տվեցին։ Սակայն ամիսներ անց հայ երիտասարդը ռազմաճակատ մեկնեց։ Կլարան ուզում էր նրա հետ գնալ, բայց Շահվալադը չթողեց, քանի որ սիրելին պատրաստվում էր մայրանալ։
Հախվերդյանի խոսքով՝ Կլարան սպասում էր իր առաջնեկին՝ Լյուդմիլային։ Այն օրը, երբ Շահվալադը պատերազմ մեկնեց, վերջակետ դրվեց նրանց միությանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am