Ռուսական վտանգը
Advertisement 1000 x 90

Ռուսական վտանգը

ՀՀ արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի (Արտաշես Չիլինկարյան, 1883թ. Ախալքալաք – 1968թ. Բոստոն) «Ռուսական վտանգը» 1920թ. հունիս-հուլիս ամիսներին հրատարակվել է Երևանի «Յառաջ» օրաթերթում՝ «Ռուսական ճակատի վրա վերագնահատումներ» խորագրով: Ստորեւ հատվածներ այդ արժեքավոր աշխատությունից:

***
Ռուս ազգը, հանձին իր պետության, ոչ միայն ճնշում էր մեզ քաղաքականապես, այլ ամեն ջանք թափում էր տարալուծելու հայ ազգությունը, իր մեջ ձուլելու և կուլտուրապես ու բարոյապես դիմազուրկ անելու: Աստճանաբար, միշտ ավելի սպառնական չափերով ռուսական ոգին, ռուսական կուլտուրան իր տիրական դրոշմն էր դնում բարոյազրկվող հայ մտավորականության ու հայ բուրժուազիայի մտքի ու զգացմունքների վրա, որոնք կորցնում էին իրենց ազգային դիմագիծը, իրենց բնական կապերը հարազատ ժողովրդի հետ, անդիմադրելիորեն տոգորվում ռուսական շահերով ու մղումներով: Այս է պատճառը, որ մեր բարձր դասերի ազդեցությունը մեր ժողովրդի վրա եղել է բացասական, քայքայիչ, այլասերող:

Եվ հարաճունորեն հայ ժողովրդի առջև ծառացել է մի մեծ վտանգ՝ ռուսացման վտանգը: Հայ ղեկավար շրջանները, ստիպված լինելով ուղղել իրենց բովանդակ ուժերը թուրքական ճակատի վրա, հանկարծ զարհուրանքով նկատել են այդ վտանգը և զգացել, թե որ աստիճան անպաշտպան է մնացել հայ ժողովրդի թիկունքը՝ ռուսական ճակատը։ Ռուսամոլությունն այն աստիճան կուրացրել է մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն այնքան է կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք կարծես զրկվել ենք ընդունակությունից՝ զատելու հայ ազգի ու Հայաստանի շահերը ռուս ժողովրդի ու Ռուսաստանի շահերից:

Եվ կարելի է առանց չափազանցնելու ասել, թե ռուսական այն հախուռն օրիենտացիան, որ մենք ընդունել ենք ազգովին, ոչ թե արդյունք է ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական պսիխոզ է, մասսայական խենթություն: Մենք եղել ենք ավելի ռուսասեր, քան իրենք ռուսները: Մենք կռվել ենք Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ ու անվերապահությամբ, քան ինքը՝ ռուս ժողովուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչափելի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ մենք միաժամանակ կատարում ենք հայկական գործ։

Այժմ, երբ Ռուսաստանը նորից է բախում մեր դռները և հանցավոր միջոցներով նորից ճգնում զոհաբերել մեր ժողովրդին իր աշխարհակալ նպատակներին, մեր շարքերում կան մարդիկ, որոնք ինչ-որ տատանումների են ենթակա: Եվ այդպես է ոչ թե այն պատճառով, որ մենք բավականաչափ ուժ չունենք պատվով դիմագրավելու համար ռուսական վտանգը, այլ նրա համար, որ ռուսական վտանգը մեզ համար ունի գերազանցապես հոգեբանական բնույթ: Նա ոչ թե սահմանների վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում: Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջն է և մեր հոգու ներսից է ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունն ու անկախությունը։

Մենք պիտի անողոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմանների վրա, այլ նաեւ մեր ներսում այն բոլոր ռուսական տարրերի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մաքրենք մեր հոգին ռուսական ազդեցությունից, գաղափարներից, մղումներից, տրամադրություններից, պատրանքներից ու հիվանդություններից, այլապես նոր կորուստներն անխուսափելի կլինեն։

Արշալույս Զուրաբյանի էջից:



Նման նյութեր