Կարաբալա. թափառող արձանը
Advertisement 1000 x 90

Կարաբալա. թափառող արձանը

? Բոլորս ամեն անգամ տեսնում ենք այս ՝անուշադրության մատնված, անկյունում կուչ եկած արձանը և գիտենք,որ Կարաբալան եղել է բարի ծաղկավաճառ, բայց նրա կյանքի պատմության ու իրական անվան մասին ոչ բոլորն են տեղյակ,ուստի եթե ուզում եք իմանալ ավելին, գնացինք??։
 Նախ ասեմ,որ ինձ թույլ տվեցի արձանն անվանել թափառող, որովհետև այն բազմիցս տեղից տեղ է տեղափոխվել Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքների պատճառով և այժմ էլ Աբովյան փողոցի մի անկյունից լուռ հետևում է մարդկանց անցուդարձին։  Իրականում այս կերպարի մասին կան շատ լեգենդներ,իրարից տարբերվող, տխրեցնող, ժպտեցնող, հուսադրող, բայց մի բան ամենուր հաստատվում է. նա եղել է անշահախնդիր բարության խորհրդանիշ:  Այժմ արձանի վերածված՝ կանգնած է փողոցի մայթեզրի վրա՝ մի տեսակ լքված, անօգնական, մեղավորի հայացքով, ասես փորձում է արդարացնել իր անհարմար ներկայությունը մայրաքաղաքի եռուզեռի մեջ:  Մինչդեռ տասնամյակներ առաջ ճիշտ նույն տեղում, փոշոտ, անծաղիկ քաղաքի գորշության մեջ նա էր վառ գույների միակ տիրակալը, նրա բուրավետ հեքիաթն էր, որ քնքշություն ու սեր էր տալիս անցորդներին: ⚠️ Կարաբալա՝ թուրքերենից թարգմանած նշանակում է սև տղա։ Բայց տղան ոչ սև էր, ոչ էլ թուրք: Երևանցի հայտնի ծաղկավաճառը ՝ Ստեփան Հարությունյանը, բարձրահասակ էր, նիհար, քայլում էր մի տեսակ կռացած, ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջով առաջ էր պարզում այն մի հատիկ վարդը, որ կարող էր նաև չվաճառվել, այլ պարզապես իբրև նվեր տրվել որևէ գեղեցիկ օրիորդի, բարեհամբույր կնոջ, ծանոթի, որն այդ պահին կշահեր Կարաբալայի համակրանքը՝ փորձելով վերջիններիս կյանքը փոքր-ինչ գունազավորել ?։
 Այսպես եղե՞լ է, թե՞ սա ընդամենը հորինվածք է, միֆ, գունազարդված առասպել նրանց համար, ովքեր ունեին ծաղիկներ նվիրաբերող բարի անծանոթի գոյության կարիքը… ի՜նչ իմանաս…նրա դեպքում խառնվել են լեգենդն ու ճշմարտությունը…
Ասում են՝օրը երկու անգամ` վաղ առավոտյան ու երեկոյան, նա հայտնվում էր Աբովյան փողոցում՝ ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Եվ քաղաքը լցվում էր երփներանգ ծաղիկներով, դառնում ավելի լուսավոր ու պայծառ:
Համաձայն լեգենդի` Կարաբալան վախճանվել է հենց փողոցում. ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվը նույնպես անհայտ է… անհայտ սկիզբ ու անհայտ ավարտ ունեցավ, բայց հիշատակն ապրեց ավելի երկար, քան ինքը՝ծաղկավաճառը:
 Նրա մասին բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր գրվեցին, նրա կերպարը մարմնավորեցին անգամ ֆիլմում: Իսկ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի շնորհիվ 1995թ հրաշալի աշխատանքը տեղադրվեց Կարաբալայի սիրելի Աբովյան փողոցում։
Ինչպես նշեցի, կան մի քանի լեգենդներ այս բարի կերպարի մասին,որոնցից մեկի մասին սիրով ինքս կտեղեկացնեմ ,իսկ մեկնաբանություններում կանենք լրացումներ,որպեսզի նյութը շատ ծավալուն չլինի և հաճելի լինի կարդալ?։  Ասում են՝ Կարաբալան պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել, բայց երբ փորձել է նրան խոստովանել իր զգացմունքները, հպարտ աղջիկը ծաղրել է նրան, ծիծաղել և հեռացել: Դրանից հետո ծաղկավաճառն այլևս ոչ մի կնոջ չի սիրել՝ սրտում պահելով մերժումի ցավն ու անպատասխան սերը:
Իհարկե, միակ ու վերջին սիրո պատմությունն այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ամբողջ Երևանը գիտեր, թե Կարաբալան ինչպես էր հրապուրված հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան(այժմյան Աբովյան) փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից:
⚠️ Ու մի օր պատահեց անուղղելին. 1926 թվականին էր. տեսնելով, որ մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին, խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս բերեց դանակն ու հարձակվեց իրեն սաստողի վրա: Արդյունքում ճարպիկ Կարաբալան խույս տվեց նրանից և դանակահարեց հարձակվողին: Նրան ձերբակալեցին են և տարան Երևանի Ուղղիչ տուն: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ է դառնում նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի հետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Բանտում գրած «Ծաղկավաճառը» բանաստեղծությունը Ե.Չարենցը նվիրել է Կարաբալային.
Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,
Չգիտեիր` արտի՞ստ է նա,
Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։
Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Լեգենդն ասում է, թե Չարենցի կնոջ՝ Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…? Բանտից ազատվելով և տուն վերադառնալով` Կարաբալան իր պարտեզն ու ծաղկի տաղավարը քանդված է գտնում, իսկ կինը վաճառել էր տունն ու երեխաների հետ հեռացել։ Կարաբալան դառնում է թափառական` աղքատ ու անտուն, ծաղիկներ է բաժանում և քթի տակ մտմտում.«Ես Կարաբալա չեմ, ես Դարդի բալա եմ»։ Պատմում են նաև, որ եղել են մարդիկ, ովքեր ականատես են եղել, թե ինչպես է Կարաբալան ուտելիք է տարել բանտարկված Չարենցին, գաղտնաբար իր զամբյուղի ծաղիկների տակ թաքցրել ու դուրս հանել հանճարեղ բանաստեղծի ձեռագրերը։ Հ.Գ.Անձամբ ես շատ եմ սիրում այս արձանը և անցնելիս հաստատ մի քանի վայրկյան հայացքս կանգ է առնում նրա վրա՝պատկերացնելով այն,ինչ ներկայացրի սիրով??

Հեղ․՝ Mélania Hakobyan

#Արի_գնանք_Հայաստան #ArmenianTravelClub #Կարաբալա #Իմանանք_ավելին

Մելանյա Հակոբյան



Նման նյութեր