Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 282 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 288 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 541 հազար 322 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 386 հազար 514 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 852 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:
Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 10 հազարից ավելի նոր, 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 223 հազար 060 է, մահացածներինը՝ 32 հազար 065: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 814 է: Վարակից մահացել է 30 հազար 739 մարդ։ Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 643 մարդ: Գերմանիայում 172 հազար 626 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 661 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան 169 հազար 594 դեպքով, վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 563 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 139 հազար 771-ի, մահացածներինը՝ 3 հազար 841-ի:
Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 919 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 639-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 9 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 533 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 818 վարակվածության, 110 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Իսպանիայի ամենատարեց կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Իսպանիայի ամենատարեց կինը՝ Մարիա Բրանիասը, ով 113 տարեկան է, կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում հայտնել են Մարիա Բրանիասի հարազատները:
Մարիան վերջին 20 տարին ապրում է տարեցների տուն-ինտերնատում՝ Ժիրոնա շրջանում: Ապրիլ ամսին նա կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել: Նրա մոտ բարդություներ չեն եղել, թեթև ընթացք է գրանցվել, և մայիսի սկզբին բժիշկները նշել են, որ Մարիա Բրանիասն ապաքինվել է: Մեկուսացման ժամանակ նա գտնվել է իր սենյակում, պարբերաբար հեռախոսով շփվել է ընտանիքի անդամների հետ:
2019 թվականից Մարիա Բրանիասը համարվում է Իսպանիայի ամենատարեց բնակչուին: Նա ծնվել է 1907 թվականին միգրատների ընտանիքում: 1931 թվականին ամուսնացել է բժշկի հետ: Ունի 3 երեխա, 11 թոռ, 13 ծոռ: Մարիա Բրանիասն իր կյանքում տեսել է իսպանական գրիպի համավարակը (1918 թվականին), քաղաքացիական պատերազմը (1936-1939 թվականների):
Ուհան քաղաքի բոլոր բնակիչները թեստավորում կանցնեն
Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել տեղի բոլոր բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Թեստավորումը կատարվելու է 10 օրում:
Մայիսի 10-ին նշվել էր, որ Ուհանում վարակի 5 նոր դեպք է գրանցվել: Ուհան քաղաքում բնակվում է 11 միլիոն մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։
Կորոնավիրուսով վարակված ՌԴ-ի մշակույթի նախարարը բուժվում է տանը
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, հայտնել է, որ շարունակում է բուժումը տանը: Նա ունի ոչ բարձր ջերմություն, ինչը թույլ է տալիս ներգրավված լինել աշխատանքային գործընթացում:
«Ուրախությամբ նշեմ, որ ինձ հաջողվում է չդադարեցնել աշխատանքային պրոցեսը, ինչը հիմա շատ կարևոր է: Այս փուլում 2-3 շաբաթ աշխատանքային գործընթացից դուրս մնալը լավ չէր լինի:Ես ոչ բարձր ջերմություն ունեմ, այն էլ երեկոյան, իսկ կեսօրին հանգիստ կարող եմաշխատել»,- «Россия-24»-ին տված հարցազրույցում պատմել է Օլգա Լյուբիմովան:
Ավելի վաղ, նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ նախարարին հոսպիտալացնելու կարիք չիեղել:
Սպիտակ տան տարածք մտնողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակ
Բոլոր նրանք, ովքեր մտնում են Սպիտակ տան տարածք, պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ: «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս կարգը մտցվել է մայիսի 11-ից, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ շրջանակում աշխատողների վարակվելու դեպքեր էին արձանագրվել, և երկրի գլխավոր վարակաբանները երկու շաբաթով կարանտինի էին անցել:
Պարտադիր դիմակ կրելու կարգը չի տարածվում միայն նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնում ամեն օր: Ներկայում ԱՄՆ-ում կատարվել է 9 միլիոնից ավելի թեստավորում:
Կորոնավիրուսի հետևանքով Մեքսիկայում աղքատների թիվը կարող է հասնել 70 միլիոնի
Համավարակի տնտեսական հետևանքները Մեքսիկայում կարող են հանգեցնել աղքատների թվի 9 միլիոնով ավելացմանը: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայութունը տեղեկացնում է, որ այդ մասին ասվում է մայիսի 11-ին հրապարակված կառավարության զեկույցում: Փաստաթղթում առկա է կոչ կենսաթոշակների, ապահովագրությունների տեսքով օգնության մասին:
«CONEVAL» անկախ պետական գործակալության զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ դժվարությունների ավելացումը կարող է հանգեցնել 70 մլն աղքատներ ունենալուն: Մեքսիկայի բնակչությունը կազմում է 130 միլիոն, բնակչության 56 տոկոսը չի վաստակում այնքան, որ փակի հիմնական կարիքների ծախսերը: Ձեռնարկությունների, փոքր բիզնեսի փակվելու պատճառով, Մեքսիկայի իշխանությունների տվյալներով, մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը կորցրել են 346 հազար աշխատատեղ: Տնտեսության անկմանը զուգահեռ սպասվում է աշխատանքի տեղերի կրճատումների թվի ավելացում: Ներկայում Մեքսիկայում չկա գործազրկության նպաստ: Մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը, ստիպված հիմնվոմ են իրենց խնայողությունների վրա կամ սպասում են բարեգործության:
Մեքսիկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 հազար դեպք, մահացել է 3 հազար 400 մարդ:
Կորոնավիրուսի թեմայով Թրամփի ճեպազրույցն ավարտվել է լրագրողների հետ վիճաբանությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ դադարից հետո Սպիտակ տանը կայացած առաջին ճեպազրույցը լքել է լրագրողների հետ վեճի պատճառով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ CBS հեռուստաընկերության լրագրողը հարց է ուղղել նախագահին այն մասին, թե ինչու է նա մշտապես շեշտադրում կատարում ամենաշատ թեստավորում կատարելու հետ կապված ԱՄՆ-ի ու մյուս երկրերի մրցակցության վրա, փոխարենը թող ուշադրություն դարձներ երկրի ներքին հարցերի վրա, երբ մարդիկ շարունակում են մահանալ:
«Մարդիկ մահանում են ամբողջ աշխարհում: Միգուցե այդ հարցը տաք Չինաստանին: Ինձ մի հարցրեք, հարցրեք Չինաստանին»,- ասել է Թրամփը: Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է հենց իրեն դա ասում, նախագահ Թրամփը խիստ տոնով նշել է, որ դա ասում է ոչ թե կոնկրետ իրեն, այլ բոլոր նրանց, ովքեր գարշելի հարցեր են հնչեցնում: Թրամփի պատասխանը զայրացրել է լրագրողին, ով ասիական ծագում ունի: Թրամփն ընդհատել է լրագրողին և հարցի հնարավորությունը փոխանցել CNN-ի թղթակցին: Վերջինս լռել է՝ թույլ տալու, որ CBS հեռուստաընկերության ներկայացուցիչ գործընկերն ավարտի իր խոսքը: Դրանից հետ, երբ արդեն CNN-ի թղթակիցն է փորձել հարց հնչեցնել, Թրամփը ընդհատել է նրան և ասել, որ ադեն հնարավորություն տվել էր, իսկ նա չօգտվեց դրանից: Մի քանի ռեպլիկներից հետո նախագահը լքել է ճեպազրույցների սրահը:
Բելառուսն ԱՊՀ երկրներին առաջարկում է միավորվել պատվաստանյութի ստեղծման գործում
Համավարակի պայմաններում ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է միավորել ջաքները պատվաստանյութ ստեղծելու համար, ինչպես նաև իրականացնել դրա զանգվածային արտադրությունը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:
Նա, մասնավորապես, նշել է, որ ապրիլին կայացել է ԵԱՏՄ առաջնորդների տեսակոնֆերանսը, որի արդյունքներով եղավ հայտարարություն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է հանգեցնի համագործակցության կապերի խզմանը, միջազգային առևտրի, ներդրումների դադարեցմանը: Նրա խոսքով, համավարակին ԵԱՏՄ-ի արձագանքը եղավ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացումը:
«Իմ կարծիքով՝ առաջնային քայլերից պետք է լինի ջանքերի միավորումը պատվաստանյութի ստեղծման գործում և դրա զանգվածային արտադրության իրականացումը, տրանսպորտի, բեռնափոխադրումների անխափան իրականացման ապահովումը»,-նշել է Վլադիմիր Մակեյը: