Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով իրականացվող սահմանափակումների տնտեսական հետևանքներն արդեն նկատելի են. ապրանքաշրջանառության կրճատում, տնտեսական ակտիվության մակարդակի անկում, գործազրկության աճ և այլն։ Նման բացասական իրողությունները հարվածել են նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցությանը։ Հաշվի առնելով այդ ամենը՝ դեռ մայիսի կեսերից ԵԱՏՄ անդամ երկրները թուլացնում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները և աստիճանաբար դուրս գալիս մեկուսացումից։ Բացառություն է կազմում, թերևս, Բելառուսը, որը համավարակի տարածման օրվանից լուրջ սահմանափակումներ չի կիրառել երկրում։ ԵԱՏՄ անդամ երկրները շարունակում են ինչպես անհատական, այնպես էլ հավաքական պայքարը կորոնավիրուսային հիվանդության դեմ, իրականացնում միջոցառումներ՝ հնարավորինս ապահովելու տնտեսական կայունությունը և պահպանելու տնտեսական համագործակցության մակարդակը։
ԵԱՏՄ աշխատանքների համակարգում
Դեռ մարտի սկզբից, երբ կորոնավիրուսը թափանցեց ԵԱՏՄ երկրներ, սկսվեց կառույցի գործունեությունը իրավիճակին համապատասխանեցնելու և առկա մարտահրավերներին արագ արձագանքելու գործընթացը։ Չեղարկվեցին արտասահմանյան այցերը, Հանձնաժողովն անցավ առավելապես հեռավար աշխատանքի։ Մարտի 19-ին ստեղծվեց կորոնավիրուսային վարակի տարածման հարցով օպերատիվ արձագանքման միջոցառումների մշակման համակարգող խորհուրդ, որում ընդգրկվեցին առավել խոցելի ոլորտները համակարգող կոլեգիայի անդամները (նախարարները)՝ ներքին շուկա և առևտուր, մաքսային համագործակցություն, տրանսպորտ և բեռնափոխադրումներ, տնտեսական և ֆինանսական քաղաքականություն և այլն։
Կոլեգիայի որոշումներին արագ արձագանքելու նպատակով կարևոր էր ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ), Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (ԵՏՀ խորկուրդ) աշխատանքները։ Չնայած այն հանգամանքին, որ գործնականում հնարավոր չէ ապահովել ԵԱՏՄ երեք գլխավոր մարմինների բնականոն հանդիպումները, դրանք շարունակում են իրականացվել հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով։ Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հեռավար նիստը, որի արդյունքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ մշակել է միջոցառումների համալիր՝ ուղղված.
Covid19-ի տարածման պայմաններում ԵԱՏՄ տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի և փոխադարձ առևտրի ապահովմանը,
բնակչության համար առաջին անհրաժեշտության ապրանքների (սննդամթերք, դեղորայք) հասանելիության ապահովմանը,
ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության պահպանմանը և տնտեսական զարգացման համար հիմքերի ստեղծմանը,
«Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների (2025թ.)» շրջանակներում ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ապահովման կոնցեպտի մշակմանը։
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին և դրա տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աշխատանքային «հանդիպումը», որի արդյունքում ընդունվել է Համատեղ հայտարարություն, որով ԵԱՏՄ անդամ երկրները.
պատրաստակամություն են հայտնել՝ իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ուղղված COVID-19-ի տարածման դեմ պայքարին, տնտեսական համագործակցության մակարդակի պահպանմանն ու հետագա զարգացմանը,
բոլոր երկրներին կոչ են արել պահպանել միջազգային համագործակցությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առևտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, անվերապահորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին։
Մի քանի անգամ տեղի են ունեցել ԵՏՀ խորհրդի հեռավար նիստեր։
Հակաճգնաժամային միջոցառումներ
Համաճարակի տարածման պայմաններում որպես տնտեսական կառույց ԵԱՏՄ-ն ունի երկու հիմնական խնդիր՝ տնտեսական համագործակցությունը համաձայնեցնել առկա իրավիճակին և հնարավորինս ապահովել կառույցի ու անդամ երկրների տնտեսական կայունությունը։ Կարևոր է, մասնավորապես, կառույցի երկրներում սննդամթերքի և բժշկական նշանակության ապրանքների դեֆիցիտի կանխումը, ապրանքափոխադրման ապահովումը փակ սահմանների պայմաններում, քաղաքացիների (գործազրկության աճի պայմաններում հիմնականում աշխատանքային միգրանտների) փոխադրումը քաղաքացիության երկիր, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև առողջապահական ոլորտում համագործակցությունը։
Ներկայումս համավարակի պատճառով նկատվում է արտաքին առևտրի ծավալների կրճատում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում։ Միևնույն ժամանակ տեսանելի է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի և բժշկական նշանակության ապրանքների գերակշռում ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ։ Պատահական չէ, որ ԵԱՏՄ մարմինների՝ վերջին ամիսների որոշումները վերաբերում են հենց այս ապրանքներին։
Ապրիլի 10-ի նիստի արդյունքում Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է համալիր միջոցառումների փաթեթ՝ ուղղված մի կողմից հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը, մյուս կողմից երկրների տնտեսությունների վերականգմանն ու հետագա զարգացմանը։ Աշխարհում փակ սահմանների պայմաններում կարևոր է հատկապես բեռնափոխադրումների ապահովումը, ինչն, ըստ էության, ներկայումս տնտեսական կապերի պահպանման գլխավոր բաղադրիչն է։ Այս առումով պետք է առանձնացնել ԵԱՏՄ տարածքում «կանաչ միջանցքի» ստեղծումը, ինչը ենթադրում է ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացում, մաքսային ընթացակարգերի պարզեցում՝ ներառյալ դրանց նկատմամբ հայտարարագրերի ավտոմատ գրանցման հնարավորություն։ Պարզեցված ռեժիմը ներառում է նաև համաճարակի կանխարգելման և հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգը:
Մասնավորապես, մինչև սեպտեմբերի 30-ը ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն բժշկական նշանակության ապրանքները, իսկ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները՝ մինչև հունիսի 30։ Արգելվել է նաև նման ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումը դեպի Միության տարածք ազատվել է մաքսատուրքից:
Եթե ԵԱՏՄ անդամ մյուս երկրների դեպքում հնարավոր է պարզապես փոխադարձ համաձայնության արդյունքում իրականացնել ապրանքափոխադրումը, ապա Հայաստնի դեպքում նման համաձայնություն էր անհրաժեշտ ձեռք բերել նաև Վրաստանի հետ։ Թեև մարտի 13-ից Հայաստանի և Վրաստանի միջև գործում է ուղևորափոխադրումների սահմանափակում, բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն հունով, ինչը թույլ է տալիս շարունակել ապրանքաշրջանառության իրականացումը՝ խուսափելով առաջին անհրաժեշտության և մեծ պահանջարկ ունեցող ապրանքների դեֆիցիտից։
Կարևոր է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ևս շարունակում է ներգրավել գործարար հանրությանը։ Մասնավորապես, գործարարներից հավաքագրվում են տեղեկություններ կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարձր պահանջարկ ունեցող բժշկական և այլ ապրանքների առևտրի և տեղափոխման խոչընդոտների մասին, քննարկվում հետագա գործողությունները։
ԵԱՏՄ անդամ երկրների ուշադրության կենտրոնում է նաև ավիափոխադրումների դադարեցման պայմաններում սեփական քաղաքացիներին ապահով կերպով մշտական բնակության երկիր վերադարձնելու հարցը։ Խոսքն առավելապես աշխատանքային միգրանտների մասին է, որոնք համավարակի արդյունքում տարբեր երկրներում մնացել են գործազուրկ և խնդիր ունեն վերադառնալ հայրենիք։
Ապրիլ ամսին իրականացվել են Մոսկվա-Երևան (ապրիլի 6, 7, 12, 22), Կրասնոդար- Երևան (ապրիլի 19), Դոնի Ռոստով-Երևան (ապրիլի 20), Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան (ապրիլի 23) հատուկ չվերթները, որոնց արդյունքում Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ են Ռուսաստանից վերադարձել հայրենիք։ Մայիսի 6-ին Ալմաթի-Թբիլիսի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 35 քաղաքացի Ղազախստանից և Ղրղըզստանից։ Առաջիկայում նախատեսվում է նաև նոր չվերթների կազմակերպում։
Սակայն ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից ոչ բոլորն են կարողացել վերադառնալ հայրենիք։ Ռուսաստանը, որը ԵԱՏՄ-ում աշխանքային միգրացիայի կենտրոնն է, որոշակի քայլեր է ձեռնարկել՝ միգրանտների բեռը թեթևացնելու նպատակով։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում միգրանտները ստիպված չեն լինի վճարել աշխատանքային արտոնագրի ձևակերպման համար: Փաստաթղթի համաձայն՝ այդ ընթացքում հաշվի չեն առնվի օտարերկրացիների գտնվելու ժամկետները։ Ուստի օտարերկրացիները, որոնց փաստաթղթերի գործողության ժամկետը լրանում է, կկարողանան երեք ամսվա ընթացքում մնալ Ռուսաստանում։ Նրանք ստիպված չեն լինի երկարաձգել վիզայի, կացության իրավունքի և այլ փաստաթղթերի գործողությունը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանում աշխատանքի տեղավորման թույլտվության համար:
Համավարակի պայմաններում առաջնային կարևորություն է ստանում համագործակցությունը առողջապահական ոլորտում։ Դեռ մարտի սկզբից Ռուսաստանը սկսեց ԵԱՏՄ գործընկեր երկրներին տարբեր խմբաքանակներով փոխանցել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության թեստ-համակարգեր՝ հարյուր հազարավոր թեզստավորումներ իրականացնելու համար։ Մարտի 24-ին ժամանակավորապես սահմանափակվեց ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանական միջոցների, պաշտպանիչ և ախտահանող միջոցների, բժշկական նշանակության այլ արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս, ինչպես՝ բինտ, բամաբակ, պաշտպանիչ ակնոցներ, դիմակներ, շնչող դիմակներ, թոքերի արհեստական շնչառության սարքեր և այլն։
ԵԱՏՄ աշխատանքներում առանձնացվում են հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի ստեղծման, դրանց զանգվածային արտադրության հաստատման համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարի ԵԱՏՄ համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջպետական հետազոտություններ՝ պատվաստանյութերի և ախտորոշիչ թեստային համակարգերի մշակման ուղղությամբ: Ի դեպ, «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների (2025թ.)» շրջանակներում ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ապահովման կոնցեպտի մշակումը ուղղված է հենց առողջապահական ոլորտում համագործակցության ամրապնդմանը և դրա շարունակականության ապահովմանը։
Համավարակի պայմաններում կարևոր է առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում ԵԱՏՄ ինքնաբավությունը, որպեսզի ներմուծման հնարավորություն չունենալու պարագայում Միության պետությունները կարողանան ապահովել ապրանքների մեծ պահանջարկը։ Դա իր հերթին ավելի կխորացնի ինտեգրումը, չնայած ԵԱՏՄ-ում արդեն գործում է դեղորայքի ընդհանուր շուկան։
Այսպիսով, համավարակի առաջին ամիսներին ԵԱՏՄ-ն ինստիտուցիոնալ առումով կարողացավ արագ արձագանքել, կազմակերպել և հարմարեցնել կառույցի աշխատանքները համաճարակային իրավիճակի թելադրած պայմաններին։ Այս առումով առանցքային էին առողջապահական ոլորտում համագործակցության և փակ սահմանների պարագայում ապրանքաշրջանառության անխափան ապահովումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ կանխատեսումների՝ դեռ բավական երկար ժամանակ կպահանջվի համավարակը ամբողջությամբ հաղթահարելու համար։
Վարդուհի Հարությունյան